Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել գյումրեցի կնոջը հավաքագրելու, Թուրքիա տեղափոխելու, այնտեղ նրան պոռնկության մեջ ներգրավելու, մարմնավաճառությամբ աշխատած գումարները ստանալու համար:
Ըստ դատավճռի` 63-ամյա Ս.Մարտիրոսյանը և 39-ամյա Ն.Մովսիսյանը նախնական հանցավոր համաձայնությամբ 2011թ. օգոստոսին Գյումրի քաղաքի բնակչուհի Հ.-ին խոստացել են Թուրքիայում աշխատանքով ապահովել: Սակայն վերջինիս խաբեությամբ հավաքագրել են, կազմակերպել նրա տեղափոխումը Թուրքիայի Տրապիզոն քաղաք, որտեղ էլ Հ.-ն ենթարկվել է սեռական շահագործման:
Ըստ Ս.Մարտիրոսյանի և Ն.Մովսիսյանի խոստումների` Հ.-ն Թուրքիայի Կոնյա քաղաքում պետք է աշխատեր որպես խնամակալ` ամսական 700-800 դոլար վարձատրությամբ:
Բայց Տրապիզոն հասնելով` Նարինեն Հ.-ին հանձնել է Սուսաննային: Այնուհետև օգտագործելով Հ.-ի խոցելի վիճակը` Ս.Մարտիրոսյանը նրան հարկադրել է զբաղվել մարմնավաճառությամբ: Հ.-ն մարմնավաճառությամբ զբաղվել է շուրջ 4 ամիս, իսկ վաստակած գումարը` ընդհանուր մոտ 7 500 դոլար, Ս.Մարտիրոսյանը նրանից վերցրել է:
Ըստ դատավճռի` Նարինեն պարտք է եղել Սուսաննային և որպեսզի թոթափի պարտքը, նրա հետ համաձայնության է եկել Հ.-ին Թուրքիա տեղափոխելու շուրջ:
Ս.Մարտիրոսյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նարինեն նախաքննության ժամանակ խոստովանել է, որ Հ.-ին տարել է Սուսաննայի պահանջով, որ զբաղվեն մարմնավաճառությամբ:
«Ես նրան տարել եմ, որ Սուսաննան ինձ լավ աչքով նայի ու մեղմ մոտենա»,- ասել է Ն.Մովսիսյանը:
Դատարանը Ս.Մարտիրոսյանի և Ն.Մովսիսյանի մեղքը հաստատված էր գնահատել և 2013թ. փետրվարի 27-ի դատավճռով Ս.Մարտիրոսյանին դատապարտել ազատազրկման` 8, իսկ Ն.Մովսիսյանին` 7 տարի ժամկետով:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Ս.Մարտիրոսյանը և Ն.Մովսիսյանի շահերի պաշտպանը` պահանջելով արդարացնել ամբաստանյալներին, քանի որ նրանք չէին ընդունում մեղքը: Իսկ եթե վերաքննիչ դատարանը եզրակացներ, որ նրանք մեղավոր են, ապա երկու բողոքով էլ խնդրվում էր մեղմ պատժի սահմանում:
Արդյունքում` վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքները` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը,-գրում է «Ժամանակ» թերթը:
slaq.am
