Լուսանկարները, որոնցից մեկում, օրինակ, կանայք անգիտակից վիճակում գտնվող կնոջ ոտքին օղակներ անցկացնելու խաղ են ցուցադրում, հայտնվել են տեղի հեռուստաալիքի խմբագրությունում: Մեկ այլ լուսանկարում բուժքույրը ձեւացնում է, թե դոնորական արյուն է խմում: Կանայք նաեւ սպիտակ խալաթները հագին, ժպտադեմ եւ երազկոտ աչքերով նկարվել են ծանր հիվանդների ֆոնին, նաեւ հոգնաներով աճպարարություն ցուցադրել, գրում է NEWSru.com-ը:

Հիվանդանոցի ղեկավարությունը Տատյանա Կատաեւայի եւ Մարինա Շիբանովայի վարքը բացատրել է նրանով, որ կանայք նախարարության հրամանն են կատարել՝ լուսանկարվելով «Բարության եւ գթասրտության մասնագիտություն» մրցույթին մասնակցելու համար:

Լուսանկարների հերոսուհիներին թվացել էր, որ հումորային լուսանկարներ են պահանջվում: Նրանցից մեկը նշել է, որ իրենց լուսանկարչական արվեստը պետք է ցույց տար, որ «հիվանդանոցի աշխատակիցներն էլ են մարդ»:

Արդյունքում նրանց ոչ մի լուսանկար մրցույթի ընտրական փուլը չի հաղթահարել: Ժյուրին չի գնահատել բուժքույրերի ստեղծագործ մոտեցումը, այնինչ իրավապահները հետաքրքրվել են. Պերմի դատախազությունը ուսումնասիրում է նյութերը՝ իրավիճակը գնահատելու համար: