Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 39-ամյա Արմենուհի Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ԱԱԾ Լոռիի մարզային վարչության Վանաձորի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Արեն Ս.-ն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում համատեղ բնակվելու ընթացքում իրեն հակել է թմրանյութի գործածման, նաեւ թմրավաճառներին ունեցած պարտքերը մարելու, ինչպես նաեւ գումար վաստակելու համար ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունիսի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am
