26-ամյա Կարեն Ստեփանյանը և 29-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը մեղադրվում էին անչափահաս աղջկա բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հոկտեմբերի 7-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում Կարեն Ստեփանյանը անտառում, «ՈւԱԶ» ավտոմեքենայում 17-ամյա Արմինեի (անունը փոխված է) կամքին հակառակ, բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակ ցուցադրելով ու վախեցնելով՝ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

2012 թվականի հոկտեմբերի կեսերին էլ Մկրտիչ Հովհաննիսյանը «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայում նույն աղջկա նկատմամբ դարձյալ դանակով սպանելու, բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությամբ պարզվել է, որ Կարեն Ստեփանյանը համացանցի միջոցով 2012 թվականի սեպտեմբերին ծանոթացել է 17-ամյա Արմինեի հետ:

Աղջիկը սովորել է ավագ դպրոցի ավարտական դասարանում:

Որոշ ժամանակ շփվելուց հետո նրանք 2012 թվականի հոկտեմբերյան մի օր, գիշերվա ժամը 2-ին հանդիպել են աղջկա տատիկի տան մոտ:

Հետո սկսել են հաճախ հանդիպել, շփվել հեռախոսով: Մտերմացել են: Որոշել են ամուսնանալ, երբ աղջիկը դպրոցն ավարտի:

Այդ ընթացքում Ռուսաստանից վերադարձել է Կարենի ընկեր Մկրտիչ Հովհաննիսյանը: Կարենը նրան ծանոթացրել է Արմինեի հետ: Մկրտիչի ու Արմինեի միջև հարաբերություններ չեն եղել:

Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Կարենն ու Արմինեն սեռական հարաբերություն են ունեցել, որից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Երիտասարդը, հնարավոր է, կորցրել է հետաքրքրությունը:

Վախենալով, որ Կարենն իր հետ չի ամուսնանա, աղջիկը 2013 թվականի հունվարի 30-ին իր ընտանիքի անդամներին հայտնել է, թե 2012 թվականի հոկտեմբերի 7-ի գիշերը Կարենը մեքենայի մեջ բռնաբարել է իրեն, իսկ հոկտեմբերի կեսերին էլ Կարենի ընկեր Մկրտիչն է բռնաբարել:

Աղջկա ծնողների պահանջով կայացել է նրանց ու Կարենի ծնողների հանդիպումը: Քննարկվել է Կարենի ու Արմինեի ամուսնության հարցը, սակայն կողմերը համաձայնության չեն եկել:

Աղջկա ծնողները, հավատ ընծայելով իրենց աղջկա խոսքերին, հանցագործությունների մասին հաղորդում են տվել:

Հաղորդման հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել…

Քանի որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել է հանցագործության դեպքը, մեղադրողը դատարանում հրաժարվել է մեղադրանքից՝ հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու իր որոշման մասին:

Դատարանը նման պայմաններում ուրիշ բան չուներ անելու, քան արդարացման դատավճիռ կայացնելը:

Կարեն Ստեփանյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանն արդարացվեցին՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
1in.am