35-ամյա Սարգիս Գաբրիելյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է, սկսած՝ 2000 թվականից: Երկրորդ անգամ խարդախության համար դատապարտվել է 2002 թվականին: Պայմանական վաղաժամկետ ազատվել է 2004 թվականի հունվարին:

Երրորդ անգամ ևս Սարգիսը խարդախության համար է դատապարտվել. 2005 թվականի նոյեմբերին նրա նկատմամբ սահմանվել է 5 տարի 6 ամիս ազատազրկում: Այս պատժից Սարգիսն ազատվել է 2011 թվականի փետրվարի 23-ին:

Իսկ արդեն 2011 թվականի նոյեմբերի 16-ին Սարգիս Գաբրիելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով յուրացման եղանակով հափշտակություն կատարելու համար դատապարտվել 1 տարի 3 ամիս ազատազրկման:

Ազատազրկումների այս «բուռն» հերթագայությունը չի խանգարել, որ Սարգիսը ոչ միայն ամուսնանա, այլև 2008 և 2010 թվականներին երեխաներ ունենա, այնպես որ ներկայումս նրա խնամքին են մինչև 14 տարեկան երկու մանկահասակ երեխաները:

Վերը հիշատակված վերջին պատիժը Սարգիսը կրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրա անհանգիստ երևակայությունը հափշտակություն կատարելու նոր միջոց է գտել:

Կալանավայրում գտնվող Սարգիսը նախ գործի է դրել իր պերճախոսությունը, ապա սահուն անցում կատարել դեպի «շորթում» հանցատեսակը, և ազատության մեջ գտնվող երկու աղջիկներ զրկվել են իրենց որոշակի գումարներից:

Ըստ դատավճռի՝ Սարգիսը 2012 թվականի ապրիլի 25-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Վարդիթերի հետ:

Իմացել է նրա բջջային հեռախոսի համարը, որոշել շորթման եղանակով Վարդիթերից բջջային հեռախոս ու կանխիկ գումար հափշտակել:

Հեռախոսային խոսակցությունների ու հաղորդագրությունների միջոցով նա սպառնացել է աղջկան արատավորող տեղեկություններ հրապարակել, կայքում եղած նրա լուսանկարները նույն կայքում որպես մերկ լուսանկարներ՝ ցուցադրել, ազատության մեջ եղած իր ընկերների միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրել, եթե նա անհապաղ չկատարի իր պահանջները:

2012 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 10-ը Սարգիս Գաբրիելյանը Վարդիթերից մաս-մաս պահանջել ու ստացել է ընդհանուրը՝ 364 հազար դրամ՝ «Nokia E6» բջջային հեռախոս ու կանխիկ գումարներ:

Վարդիթերը 210 հազար դրամ արժողությամբ հեռախոսը ապառիկ պայմաններով գնել է «Բիլայն» բջջային օպերատորից:

Վարդիթերից ստանալով հնարավոր ամեն բան՝ Սարգիսը համացանցում փնտրել է նոր զոհի:

Նույն եղանակով, նույն կայքի միջոցով առանց ժամանակ կորցնելու՝ 2012 թվականի մայիսի 17-ին նա ծանոթացել է Երևանի բնակչուհի Տաթևիկի հետ:

Նույն ձեռագրով է գործել. իմացել է աղջկա բջջային հեռախոսի համարը, հեռախոսազրույցների ու հաղորդագրությունների միջոցով սպառնալիքներ տվել և պահանջել գումարներ ու բջջային հեռախոս:

Սպառնալիքները նույն բնույթի են եղել՝ սոցիալական կայքում ցուցադրել անվանարկող լուսանկարներ, հրապարակել արատավորող տեղեկություններ, ազատության մեջ գտնվող ընկերների միջոցով բռնություն գործադրել աղջկա ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

Պահանջել է 301 հազար դրամ արժողությամբ «Nokia N9» բջջային հեռախոս: Տաթևիկը հեռախոսը գնել է «Բիլայն» բջջային օպերատորից ապառիկ պայմաններով՝ պարտք մնալով 240 հազար դրամ:

Մայիսի 24-ին Սարգիսը հեռախոսային զրույցի ժամանակ Տաթևիկից պահանջել է ևս 250 հազար դրամ ու 15 հազար դրամի բջջային հեռախոսի լիցքավորում:

Այս անգամ աղջկա համբերության բաժակը լցվել է: Նա հասկացել է, որ շորթողի պահանջները կարող են անվերջ շարունակվել, և դիմել է ոստիկանություն:

Ըստ դատական ակտի՝ իր միասնական դիտավորության շրջանակում Սարգիս Գաբրիելյանը Տաթևիկին ներկայացրել է ընդհանուրը՝ 505 հազար դրամի գույքի ու կանխիկ գումարի՝ շորթման եղանակով հափշտակելու պահանջ:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների շրջանում տարածված այս հանցատեսակով Գաբրիելյանի «հրապուրվելը» նրան հանգեցրել է 5-րդ դատապարտմանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սարգիս Գաբրիելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ընդունել է տուժած աղջիկների ներկայացրած գույքային պահանջները և պարտավորվել հատուցել նրանց պատճառած նյութական վնասները: Նա միջնորդել է իր գործը քննել արագացված ընթացակարգով:

Մեղադրողը և տուժողները չեն առարկել:

Գործը քննվել է արագացված կարգով: Դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել, որ Սարգսի խնամքին երկու մանկահասակ երեխաներ կան, նա զղջացել է կատարածի համար, պարտավորվել հատուցել տուժածների վնասները: Միաժամանակ, որպես ծանրացուցիչ հանգամանք, դատարանը նկատի է առել Գաբրիելյանի կողմից հանցանք կատարելու՝ առանձնապես վտանգավոր ռեցիդիվը: Փաստորեն, սա մարդու հինգերորդ դատվածություն է՝ համարյա անընդմեջ:

Սարգիս Գաբրիելյանն այս անգամ դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի դեկտեմբերի 3-ից:
Հօգուտ Տաթևիկի՝ Գաբրիելյանից կբռնագանձվի 241 հազար դրամ, հօգուտ Վարդիթերի՝ 360 հազար դրամ:
1in.am