Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գևորգ Մանուկյանի և Մյասնիկ Արսենյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:
Համաձայն դատական ակտի՝ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գումարտակի կրտսեր սերժանտ Գևորգ Մանուկյանը և սերժանտ Մյասնիկ Արսենյանը, նախնական համաձայնության գալով, 2012 թվականի սեպտեմբերի 6-ի կեսգիշերին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի հատման խաչմերուկից Մանուկյանին պատկանող, բայց Արսենյանի վարած «Մերսեդես»-ն են բռնությամբ նստեցրել ու բացահայտ առևանգել Արարատի մարզի գյուղերից մեկի 27-ամյա բնակչուհի Լ.-ին:
Մեքենան վարել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի ուղղությամբ:
Լ.-ն ճանապարհին գոռգոռացել է: Սերժանտները նրան ստիպողաբար տեղավորել են մեքենայի բեռնախցի մեջ ու տարել Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք, որտեղ մեքենայից իջեցրել են ու, կնոջ կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունեցել հետը:
Գևորգ Մանուկյանին և Մյասնիկ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1-ին մասով:
Տուժող Լ.-ն Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի հատման խաչմերուկում զբաղվել է մարմնավաճառությամբ:
Նա Երևանյան լճի մոտ տաքսու մեջ նստած սպասել է հաճախորդներին կամ տաքսիով գնացել է «ծառայություն» մատուցելու:
Ըստ դատական ակտի՝ դեպքի օրվա կեսգիշերին Լ.-ն «աշխատավայրում» տաքսու մեջ նստած էր, երբ մեքենայով մոտեցել են Գևորգն ու Մյասնիկը:
Վերջինս հայհոյել է մարմնավաճառուհու հասցեին, սպառնացել, թե ռետինե մահակով կծեծի նրան, կջարդի տաքսին, գոռացել է, որ մարմնավաճառը չհամարձակվի փախչել:
Գևորգը մարմնավաճառին հայհոյելով՝ մոտ է կանչել:
Լ.-ն զգացել է, որ երկուսն էլ խմած են, իրավիճակը չբարդացնելու համար իջել է «իր» տաքսուց, մոտեցել «Մերսեդեսին»:
Գևորգը բացել է մեքենայի դուռը, Լ.-ին ասել, որ մոտենա, քանի որ ականջին բան պիտի ասի:
Երբ Լ.-ն մոտեցել է, Գևորգն անսպասելի քաշել է նրա թևից, հարկադրաբար նստեցրել իր կողքին ու փակել մեքենայի դուռը:
Արսենյանը վարել է մեքենան, կտրուկ շրջադարձ կատարել և Իսակովի պողոտայով շարժվել դեպի Փարաքար:
Լ.-ն փորձել է բացել մեքենայի դուռը, Գևորգ Մանուկյանը թույլ չի տվել: Նա ձեռքով հարվածել է Լ.-ի դեմքին: Կնոջ քթից արյուն է հոսել: Գևորգը թույլ չի տվել, որ Լ.-ն զանգի բջջայինով կամ պատասխանի զանգերին, այդ ընթացքում վնասել է նրա հեռախոսը:
«Ուրարտու» հարսանյաց սրահի մոտ կանգնեցրել են մեքենան, Գևորգը աղմկող ու արտասվող Լ.-ին հարկադրաբար մտցրել է մեքենայի բեռնախցիկը, փակել դուռը, և շարունակել են ճանապարհը:
Կանգնել են Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտ գտնվող ամայի տարածքում: Երբ իջել են, եկեղեցու գմբեթը նրանց տեսանելի է եղել: Նախ Գևորգը, ապա Մյասնիկը բռնի սեռական հարաբերություններ են ունեցել Լ.-ի հետ: Առանց պահպանակի: Գևորգը ուժ գործադրելով է հագուստազրկել մարմնավաճառուհուն: Սերժանտները նաև ապտակներ են հասցրել Լ.-ին, քանի որ նա լավ չի ենթարկվել:
Մարմնավաճառուհուն ոչինչ չեն վճարել, տարել են Արգավանդի տարածք, ճանապարհին իջեցրել մեքենայից ու հեռացել:
Լ.-ն կանչել է «իր» տաքսիստին, ով եկել ու նրան տարել է տուն:
Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Մանուկյանն ու Մյասնիկ Արսենյանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Հայտնել են, թե մարմնավաճառին նրա հոժար կամքով մեքենա են նստեցրել ու գնացել են զվարճանալու: Մարմնավաճառը յուրաքանչյուրից 10 հազար դրամ է ուզել, բայց իրենց մոտ ընդամենը 5 հազար է եղել: Գնի շուրջ համաձայնության չեն եկել: Մեկ-երկու ապտակ են հասցրել մարմնավաճառին, բայց բեռնախցիկ չեն մտցրել:
Գևորգ Մանուկյանն ասել է, որ իրենք տուժողին չեն առևանգել, բռնի սեռական հարաբերություն չեն ունեցել, «ուժեղ չեն հարվածել», առաջադրված մեղադրանքներն էլ «իրական չեն»: Իրենց արածը եղել է պարզապես… «անշնորհքություն»:
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են Լ.-ի հագուստի մանրաթելերը, տուժողի շորի վրա՝ Գևորգի սերմնահեղուկի հետքերը:
Գևորգն ասել է, թե ինքը պատճառ չի ունեցել բռնությամբ մարմնավաճառի շորերը հանելու, ինքը չգիտի նաև, թե որտեղից են առաջացել նրա մարմնական վնասվածքները: Իրենք գումարի հարցում չեն ցանկացել խաբել, ընթացքում են հասկացել, որ իրենց մոտ գումար չկա:
Մյասնիկն ասել է, թե Լ.-ի հետ սեռական հարաբերություն է ունեցել նրա իսկ խնդրանքով. կինը բարկացած էր Գևորգի վրա ու այդ կերպ ցանկացել է «ցրվել»:
Դատարանում իր ցուցմունքները սկսել է փոփոխել նաև տուժողը՝ հիմնավորելով, թե չի ուզում բողոքել ամբաստանյալներից, քանի որ նրանք մանկահասակ երեխաներ ունեն, թող չնստեն, ինքն էլ չի ուզում «մանրանալ», իր համար ցավոտ է կատարվածի մասին պատմելը: Ինքը վախից ու սթրեսից է դիմել ոստիկանություն և արդեն կարծում է, թե սխալ է արել:
Լ.-ն դատարանում ասել է, թե իր հոժար կամքով է մեքենա նստել, իրեն բեռնախցիկ չեն մտցրել, բռնի ուժով հետը սեռական հարաբերություն չեն ունեցել: Մի խոսքով՝ չի բողոքում:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալների ու տուժողի դատաքննական ցուցմունքները հիմնականում գնահատել է որպես ոչ արժանահավատ:
Գևորգ Մանուկյանն ու Մյասնիկ Արսենյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում:
Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժների սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 12-ից:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել միայն Մյասնիկ Արսենյանը: Գևորգ Մանուկյանի մասով դատավճիռն ուժի մեջ է մտել:
Արսենյանի շահերի պաշտպանն իր վերաքննիչ բողոքում պահանջել է Մյասնիկի մասով բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալին արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է տեղի ունենար այս վերաքննիչ բողոքի քննությունը, սակայն պաշտպանը չէր ներկայացել: Արսենյանը հայտնեց, թե պնդում է բողոքը ու չի ցանկանում, որ դատարանն այն քննի պաշտպանի բացակայությամբ: Բողոքի տակ ստորագրել է միայն պաշտպանը, այնպես որ բողոքի հիմնավորման համար նրա ներկայությունը ապահովելու համար, հարգելով ամբաստանյալի ցանկությունը և պաշտպանի դիմումը, վերաքննիչ դատարանը հետաձգեց դատական նիստը: Ընդ որում՝ սա այս գործով երկրորդ հետաձգումն է: Անցած նիստը նույնպես հետաձգվել էր պաշտպանի բացակայության պատճառով:
Մեղադրողն իմ հարցին պատասխանեց, որ գործով լիարժեք կերպով ապացուցվել է Մանուկյանի և Արսենյանի մեղքը: Կատարվել են բազմաթիվ փորձաքննություններ, մասնավորապես՝ մանրաթելային, գենետիկական, որոնցով հաստատվել է Մանուկյանի և Արսենյանի կատարած հանցավոր արարքը:
Տուժողի դիրքորոշման մասին մեղադրողն ասաց, որ կինը դատարանում փորձել է իր պաշտպանության տակ առնել ամբաստանյալներին՝ հիմնավորելով, թե նրանք մանկահասակ երեխաներ ունեն, մեղք են, բայց մեղադրողի տված հարցերին տուժողը տվել է նախաքննական ցուցմունքներին չհակասող պատասխաններ: Մի խոսքով՝ նա չի ցանկացել «վատամարդ» լինել, բայց փաստերի դեմ էլ գնալ չի կարողացել:
Աղբյուր՝ www.1in.am