«Իմ քրեական գործով ապօրինությունները շարունակվում են, որի մասին ուզում եմ բարձրաձայնել, քանի որ ի վիճակի չեմ միայնակ պայքարել պատգամավորական հովանավորչության, փորձաքնություններին միջամտելու ու դեպքի կոծկման փորձերին, ինչպես նաեւ վարույթն իրականացնող մարմնի վրա ճնշումներին»,- իր բողոք-դիմումում գրել է Հ.Ա.-ն քր. գործը վերահսկող դատախազ Համլետ Հրաչիկի Զաքոյանին:

Եվ այսպես, բռնաբարության փորձը տեղի է ունեցել 14,06,20013-ին: Հ.Ա.-ն այդ օրը հանդիպում է Աշոտ Փիլոսյանի հետ: Գնում են կարաոկե, քանի որ Աշոտը, պարզվում է, սիրում է երգել: Հետո զանգում են Աշոտի ընկերներն ու հրավիրում «Կամի» կոչվող ակումբ` նշելու տղաներից մեկի ծննդյան օրը: Հ.Ա.-ն շտապում էր տուն գնալ, քանի որ դեղեր պիտի գներ մոր համար:Աշոտը համոզում է, որ միասին գնան, շնորհավորեն` շատ արագ դուրս կգան: «Կամիում» պարզվում է, որ Աշոտը երգելուց բացի սիրում է նաեւ չարաշահել ալկոհոլը: Հ.Ա.-ն, հասկանալով, որ կերուխումը երկար է տեւելու, դուրս է գալիս ակումբից: Աշոտը դուրս է գալիս նրա ետեւից, քաշքշում` պնդելով, որ ինքը պետք է աղջկան տուն հասցնի: Ի վերջո, նստում են մեքենա. Աղջիկը հասկանում է, որ Աշոտը մեքենան վարում է իրենց տան ճիշտ հակառակ ուղղությամբ: Փորձում է դուրս թռչել մեքենայից: Աշոտ Փիլոսյանը մեքենան հասցնում է Արշակունյաց փողոցի վրա գտնվող «Տիգրան Մեծ» հրատարակչության դարպասների մոտ:

Ի դեպ, Աշոտ Փիլոսյանն աշխատում է հենց այս հրատարակչությունում, որը, ինչպես գիտեք, պատկանում է ՀՀԿ պատգամավոր Վրեժ Մարկոսյանին: Մեզ հետ զրույցում Հ.Ա.-ն պատմեց, որ Աշոտ Փիլոսյանը Վրեժ Մարկոսյանի ազգականն է:

Այս տպարանի բակում էլ` մեքենայի մեջ, ծեծի է ենթարկում աղջկան` ասելով. «Դու չգիտես մենք ով ենք, չգիտես, որ մենք մեր ուզածին հասնում ենք»: Հ.Ա.-ն հաջողացնում է բացել մեքենայի դուռն ու օգնության կանչել պահակին, ով բացել էր տպարանի կիսաբաց դարպասները, որպեսզի մեքենան ներս մտներ: Մտածելով, որ հնարավոր է պահակը մոտենա մեքենային, Աշոտը փակում է մեքենայի դռներն ու լուսամուտները եւ դուրս գալիս տպարանի տարածքից` աղջկան տանելով «Սիլաչի» թաղամասում գտնվող հին ալրաղացի մոտ` այդտեղ շարունակելով ֆիզիկական ու սեռական բռնությունները:

«Ես ծեծված էի, շորերս պատռտված, այլեւս ի վիճակի չէի ոչ մի բան անելու: Մտածում էի` ոնց եմ ազատվելու սրանից, ոնց եմ տուն բարձրանալու, մորս ինչ եմ ասելու… Ոնց եմ ապրելու սրանից հետո: Իսկ նա ճանապարհին զգուշացնում էր, որ ես հանկարծ չփորձեմ ոստիկանություն դիմել: Ասում էր` «Մեկ ա, ոչ մի բան էլ չես կարալու անես: Դու չգիտես, թե ես ինչ կապեր ունեմ: Իզուր դու ես խայտառակ լինելու»… Ես մտածում էի` միայն ազատվեմ նրանից, միայն թե դուրս գամ մեքենայից ու նրան ասում էի` ոչ մեկին ոչինչ չեմ ասի, ինձ տուն տար»:

Աղջկան տուն հասցնելուց հետո` ողջ գիշեր, Աշոտը հաղորդագրություններ է ուղարկել Հ.Ա.-ին` զգուշացնելով հանկարծ չդիմել ոստիկանություն: «Ես մտածում եմ, որ ես նրա առաջին զոհը չեմ: Նմանատիպ դեպքեր էլի են եղել, որովհետեւ նա այնքան վարպետորեն էր ճնշում գործադրում ու վախեցնում ինձ ոստիկանություն չդիմելու համար: Նրա հետագա քայլերն էլ են դա ապացուցում»,- ասում է Հ.Ա.-ն:

Առավոտյան աղջկա դեմքն ուռած էր, կապտուկներով ու բռնության հետքերով: Բռնության հետքեր կային նաեւ սրունքների վրա: «Չգիտեի ինչ անել, գլխիս մեջ չէր տեղավորվում, որ այդ ամենը ինձ հետ է պատահել: Կապվեցի սոցիալական ցանցից ծանոթ ոստիկանի ու Արագածոտնի մարզի դատավորներից մեկի հետ: Նրանք ասացին` շտապ արի շրջանային, խոսենք: Երբ հանդիպեցինք, նրանք տեսան իմ դեմքի կապտուկները, իմ հոգեվիճակը, ասացին, որ պետք է անհապաղ ոստիկանություն դիմել»:

Դեպքի հենց հաջորդ օրը` հունիսի 15-ին, Հ.Ա.-ն հանցագործության մասին հաղորդագրություն է թողնում ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում: Հունիսի 16-ին ոստիկանության տրամադրած ուղեգրով Հ.Ա.-ն այցելել է դատաբժշկի: Դատաբժիշկ Արսեն Բաբայանն անգամ կասկածել է, որ հնարավոր է ծեծից ջարդվել է աղջկա քիթը եւ ուղեգրել է ռենտգեն հետազոտման: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում աղջիկը հետազոտվել է. Բարեբախտաբար քթի ջարդվածք չի եղել:

Մեկ ամիս շարունակ Ս.Ա.-ն չէր կարողանում ստանալ դատաբժշկի եզրակացությունը, մինչդեռ 10 օրվա ընթացքում այն պետք է տրամադրվեր տուժողին: Այդ ընթացքում հետաքննիչները դատաբժշկի եզրակացության ուշացումը կապել են նրանով, թե պատասխանը նախ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք կգնա, ապա` Էրեբունի բաժանմունք /այս գործը Կենտրոնից տեղափոխվել էր Էրեբունի բաժանմունք-Մ.Բ./: «Էրեբունին գցում էր Կենտրոնի վրա, Կենտրոնը` դատաբժշկի վրա… Մեկ ամիս կարուսել արեցին: Իսկ վիժվածքը /խոսքը Աշոտ Փիլոսյանի մասին է – Մ.Բ./ միայն 5 օր անց էր ներկայացել, որպեսզի ինքն էլ անցնի դատաբժշկի: Բայց այդ ժամանակ դժվար կարողանային որեւէ հետք գտնել նրա վրա: Ի վերջո, հուլիսի 12-ին ստացա այդ եզրակացությունը. Կարդում էի եւ աչքերիս չէի հավատում: Ոչինչ նշված չէր դեմքիս, ոտքերիս ստացած կապտուկների մասին, հատկապես քթիս ստացած հարվածի մասին»:

Ինչպես հիշում եք` դատաբժիշկն ինքն էր աղջկան ուղարկել ռենտգեն հետազոտման` պարզելու քթի ջարդվածք ստացե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին կարող են վկայել աղջկան զննման ենթարկած տեղամասային հիվանդանացի վիրաբուժական բաժնի վարիչ Ռուդոլֆ Վարոսյանը, նաեւ` տվյալ բուժհաստատության այլ բժիշկներ: Ի վերջո, դատաբժշկի ուղեգիրն արդեն տեղով փաստ է: Սակայն հետագայում դատաբժիշկ Արսեն Բաբայանը աղջկան ռենտգեն հետազոտման ուղարկելու փաստը բացատրել է նրանով, որ աղջիկը բողոք է ներկայացրել շնչառության հետ կապված խնդիրներ ունենալու մասին: «Այդ դեպքում` թող ուղարկեր նաեւ թոքերս նկարելու… Ինչ կապ ունի դատաբժիշկը իմ դժվար շնչառության հետ եւ ինչպես կարող էի այդ օրը նման բողոքով ներկայանալ»,- ասում է Հ.Ա.-ն եւ հավելում, որ նրան այդ օրերին նույնիսկ չեն լուսանկարել: Բացի սա, հորինվել են տուժողի արտահայտած նախադասությունները, ինչի հետեւանքով  կեղծված եզրակացությունը հիմք է տալիս պնդելու հանցագործին, որ ոչ թե բռնաբարություն է տեղի ունեցել, այլ համատեղ ցանկությամբ գործողություն:

Բազում զեղծարարություններ ու աղաղակող կողմնապահություն է եղել նաեւ առերեսման ժամանակ:

Գործը 40 օր մնացել է հետաքննության փուլում: Այս ընթացքում ազատության մեջ գտնվող Աշոտ Փիլոսյանին հաջողվել է գտնել վկաներին եւ կաշառել, որպեսզի նրանք կեղծ ցուցմունքներ ներկայացնեն, ինչի հետեւանքով”Կամի” ակումբի անվտանգության աշխատակիցը վկայել է, թե աղջիկը այդ օրը ակումբում հարբած է եղել, պարել ու երգել է: Հետո հարբած վիճակում վազել է Աշոտի ետեւից ու պնդել, որ պետք է նստի նրա մեքենան, որպեսզի դեղեր գնեն:

Հիշեցնենք, որ թե’ “Կամի” ակումբում, թե’ “Տիգրան Մեծ” տպարանում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունը հասկանալի պատճառներով ջնջված են: Մինչդեռ, պարզ բան է, օձն իր պորտով, հավքն իր թեւով չէր կարող առանց սեփականատերերի թույլտվության անգամ ձեռք տալ այդ տեսախցիկներին, ուր մնաց` ջնջել դրանց պարունակությունը:

Ի վերջո, Աշոտ Փիլոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 1-ին մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):

ՀԳ. Մերժվել են տուժողի կողմից Աշոտ Փիլոսյանին որպես խափանման միջոց կալանք ընտրելու դիմումները: Աշոտ Փիլոսյանն այսօր ոչ միայն ազատության մեջ է եւ իր հովանավոր պատգամավոր Վրեժ Մարկոսյանի օգնությամբ կարողանում է ազդել գործի ընթացքի վրա, այլեւ շարունակում է աշխատել նույն տպարանում: Աշխատանքի մեջ է նաեւ դատաբժշկական եզրակացությունը կեղծած դատաբժիշկ Արսեն Բաբայանը:  ”Ես միայնակ եմ ինձ հետ պատահած ողբերգության մեջ: Ես միայնակ եմ կանգնած հանցագործի ու նրան հովանավորող պատգամավորի, նրանց սարքած կեղծիքի առաջ: Կարո՞ղ եք ինձ օգնել` վերականգնելու արդարությունը, պատժելու մեղավորներին”,- հարցնում է Հ.Ա.-ն:

Մարինա Բաղդագյուլյան

 


http://hayeli.am/article/361378/