Մանկապղծության վերաբերյալ մեր հասարկությունը շատ սահմանափակ գիտելիքներ ունի:  Այս մասին այսօր` սեպտեմբերի  17-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ քննարկելով ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը» : Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով փոփոխությունները, նախ նշեց այն չորս խումբ հանցագործությունները, որոնք ընդգրկված են այդ բաժնում: «Առաջինը դա բռնի կամ սեռական հարաբերություններն են կամ սեքսուալ բնույթի, այլ գործողություններ: Երկորդը դա սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այլ գործողություններին հարկադրելն է: Երրորդ խումբը դա սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն է անչափահասի` տասնվեց տարին չլրացած անձի հետ:Իսկ չորրորդ խումբը` դա անառակաբարո գործողություն է, որը հաճախ ամենասխալ մեկնաբանվողն է մեր հասարակությունում»,- ասաց պատգամավորը:

Նա բացատրեց նաեւ կատարված փոփոխությունների տրամաբանությունը: Նրա խոսքով, շատ հաճախ դեպքերը քննության փուլում հայտնվում էին մի հոդվածից մյուսի տիրույթում: «Հատկապես մանկահասակների հետ կապված մեր առաջին խնդիրը այն է, որ փորձել ենք ստեղծել պատժողական այնպիսի համակարգ, որպեսզի, թե նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը եւ անձը ստանա արժանի պատիժ»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը: Նա որպես , օրինակ,  ներկայացրեց սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: «Այս հոդվածում ընդհանրապես խոսք չի գնում տարիքի մասին: Այս հոդվածը որպես պատիժ նաեւ տուգանք է նախատեսում եւ այլն: Շատ հաճախ այս հոդվածը առնչվում է գործատուների հետ, որ աշխատողների նյութական կախվածությունը օգտագործելով նրանց հարկադրում են սեքսուալ բնույթի գործողությունների: Մենք որակեցինք, որ սա շատ լուրջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում եւ նախատեսեցինք այս հոդվածում երկորդ մաս, որը վերաբերում է տասնվեց տարին չլրացած անձին սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելը եւ պատիժը արեցինք նույնքան խիստ, ինչ բռնաբարության հոդվածով»,- հիմնավորեց Դավիթ Հարությունյանը եւ ավելացրեց, որ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է եւ համոզմունք հայտնեց, որ այն ամբողջությամբ կընդունվի:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am

 


http://news.am/arm/news/171609.html