Չորս չափահաս մարդիկ մեղադրվում են 17-ամյա անչափահաս աղջկա նկատմամբ կատարած հանցագործությունների համար:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Ագնեսան ու 25-ամյա Աննան անչափահաս Ս.-ին ներգրավել են պոռնկությամբ զբաղվելու ոլորտ:
Նոր «կադր» ավելացնելով վանաձորյան մարմնավաճառուհիների շարքերի մեջ, Ս.-ին դարձնելով իրենց, այսպես ասած՝ «պրակտիկանտը»՝ Ագնեսան ու Աննան ոլորտին վերաբերող «արժեքավոր» խորհուրդներ են տվել, ապա «տեսական» գիտելիքները գործնականում «ամրապնդելու», աղջկան գործի մեջ ներքաշելու համար 2012 թվականի ապրիլի 12-ից մինչև 19-ը նրան իրենց հետ տարել են Վանաձորի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրենց ծանոթ տղամարդկանց հետ:
Տասնյոթ տարեկան աղջկա համար Վանաձորի շոգեբաղնիքները դարձել են ինքնատիպ «համալսարան», իսկ Ագնեսան ու Աննան եղել են նրա «հմուտ դասախոսուհիները»:
Արդյունքո՞ւմ:
Ըստ մեղադրանքի՝ անչափահաս Ս.-ն, համապատասխան «դասեր քաղելով», շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նորածանոթ տղամարդկանց հետ ու այդ ձևով վաստակել է գումարներ:
37-ամյա Ալեքսանն ու 31-ամյա Վլադիմիրն էլ իրենց «լուման» են ներդրել անչափահաս Ս.-ին մարմնավաճառության ոլորտ ներքաշելու համար՝ «ներդրված լումայի» դիմաց ամեն անգամ կոնկրետ դրամներ ստանալով:
Նրանք նույն ժամանակահատվածում իրենց անձնական ավտոմեքենաներով՝ «ՎԱԶ 21012»-ով և «Մերսեդես»-ով, անչափահաս Ս.-ին Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ են տարել, որ նա գումարի դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենա: Մատուցած ծառայությունների դիմաց Ալեքսանն ու Վլադիմիրն ամեն անգամ Ս.-ից վերցրել են 2000-ից մինչև 4000 դրամ:
Ագնեսային ու Աննային մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասով, իսկ Ալեքսանին ու Վլադիմիրին՝ քրեական օրենսգրքի 261 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է՝ բնակավայրից չբացակայելու մասին:
1in.am
