Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Ավելին` գործը փոխանցվել է ՀՔԾ:

Վարսեր գյուղի գյուղապետ Զավեն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, թե չգիտի իրականում ինչ է կատարվել, բայց դրական գնահատեց երիտասարդներին: Նա նշեց, որ Վահագնը մոտ 1.5 տարի է աշխատում է ճանապարհային ոստիկանությունում, կրթված, բանիմաց երիտասարդ է եւ պատահական չէ, որ ավարտել է ոստիկանական ակադեմիան, իսկ Սասունը զբաղվում է հողագործությամբ: Ընկերներ են եւ երկուսն էլ ամուսնացած չեն:

Համագյուղացիներն էլ ասում էին, որ իրենց լսելով դեպքը տեղի է ունեցել Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում: Նրանք եւս անակնկալի էին եկել եւ դեռ փորձում են հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեւան քաղաքի մի բնակչուհի, օգոստոսի 4-ին, հաղորդում է տվել ոստիկանության Սեւանի բաժնում, որ դուստրը՝ 13-ամյա Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանության Սեւանի բաժնի եւ ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սեւան քաղաքի Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում: Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից: Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են հոգեբանների եւ այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ: Սեւանի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
news.am