Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են: Որոշման արդյունքում այս տարվա մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված կլինեն հավելյալ գումար վճարել, ինչը նշանակում է, որ միայն Երևանում գրանցված կանայք իրավունք կունենան օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից: Մարզերում բնակվող կանայք դժգոհ են որոշումից, քանի որ մարզային հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ ու մասնագետներ` անվտանգ ծննդօգնություն ապահովելու համար:
ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ անվտանգության խնդիր չկա, քանի որ այժմ բոլոր մարզերը ապահովված են ծննդօգնության համար անհրաժեշտ պայմաններով:
«Երևան քաղաքի ծննդաբերությունների 30 տոկոսն ընկնում էր 4 սահմանամերձ մարզերի վրա՝ Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն: Հեռավոր մարզերում կանայք ծննդաբերում են իրենց տարածքային բուժկենտրոններում: Եթե կինն ունի հղիության նորմալ ընթացք, հետևաբար այդ հղին մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Մենք պետք է կարողանան այնպես անել, որ մարզային հիվանդանոցները դառնան մրցունակ և կարողանան այդ մրցունակության համար պայքարել»,- ասաց Ավագյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտնեց, որ ամենակարեւորը բնակչության վստահության վերականգնումն է, որն առաջին հերթին պայմանավորված է քաղաքակիրթ վերաբերմունքով ծննդաբերող կնոջ նկատմամաբ:
«Եթե ուզում եք, որ մարզերից այստեղ չգան, դրա լուծումը տեղայնացումը չէ, այլ մարզերում բուժսպասարկման որակը բարձրացնելը: Հղի կնոջ ցանկությունը չեն ջարդում: Ինչու՞ նրան չպետք է տրվի ընտրության հնարավորություն»,- համոզված է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը եւ Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պողոսյանը ներկայացրին հարցի իրավական կողմը՝ նշելով, որ որոշման արդյունքում կարող է նվազել ծնունդների թիվը, ստեղծվեն կոռուպցիոն ռիսկեր եւ ավելանան մոր ու մանկան մահացության դեպքերը:
1in.am
