Ինչպես հաղորդում է Times Of India-ն մայրն ու հայրը խաբեությամբ «փախստականներին» վերադարձրել են տուն եւ ենթարկել բռնությունների, ապա` սպանել: 18-ամյա աղջիկը դանակահարվել է, իսկ նրա սիրեցյալը` գլխատվել: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ծնողներին` Գարնաուտի գյուղի բնակիչներ Նարենդեր Բիլլին եւ նրա կնոջը` Ռիտային,-փոխանցում է Փաստինֆո գործակալությունը:

Պարզվել է, որ այս դաժան սպանությունը կատարելու հարցում ծնողներին օգնել է նաեւ սպանվածի հորեղբայրը: Ծնողները խոստովանել են սպանությունը, սակայն չեն զղջացել: Նրանց ներկայացմամբ՝ աղջիկը խախտել է ավանդույթը` այդպիսով խայտառակելով ամբողջ ընտանիքը: «Եթե բոլորը վարվեն մեր նման, ապա այսօրինակ խախտումները կդադարեն», – համոզված են իրենց աղջկան սպանած ծնողները: Երիտասարդ աղջիկը սովորում էր տեղի ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում եւ սիրահարվել 22-ամյա իր համակուրսեցուն: Հասկանալով, որ ազգականների զայրույթից չեն կարող խուսափել սիրահարները փախել են Դելի: Բայց աղջկա ծնողները պարզել են նրանց գտնվելու վայրը եւ համոզել հետ վերադառնալ` հարսանիքը կազմակերկելու համար:

Երիտասարդները ոգեւորվել են եւ համաձայնել` գործելով ճակատագրական սխալ: Ծնողները մի քանի ժամ բռնությունների են ենթարկել աղջկան, ապա տարել գյուղի ծայրամասը եւ դանակահարել: Աղջկա ծնողները տանջել են նաեւ նրա սիրեցյալին. Կոտրել են ձեռքերն ու ոտքերը, ապա տարել նրա ծնողների տուն եւ գլխատել: Այսպես կոչված «պատվի սպանությունները» Հնդկաստանում բավական հաճախ են տեղի ունենում, բայց ոստիկանությունն առայժմ չի կարողանում արդյունավետ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:
slaq.am