Հայաստանի բնապահպանության նախարարի հրամանով ձեւավորված Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի, խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրող աշխատանքային խմբի իրականացրած ստուգայցերին, ուսումնասիրություններին եւ գործնական քայլերի անցման նախապատրաստական փուլին հաջորդել են, ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի, ապօրինի խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքները:
Բնապահպանության նախարարությունը վերջին մեկ ամսում Արարատի եւ Արմավիրի մարզերում լուծարել է 515լ/վ գումարային ծախսով 12 խորքային հոր եւ կոնսերվացրել 280 լ/վ գումարային ծախսով 13 հորատանցք: Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ», «Էմի ֆիշ», «Ռոյալ պարադիզ», «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունների եւ մի շարք այլ անհատ ձեռներեցների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը:
ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ աշխատանքներ է տարել նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ՝ Արարատյան հարթավայրում գտնվող եւ ընկերությանը պատկանող խորքային հորերի հետագա շահագործման նպատակահարմարությունը ճշտելու նպատակով:
Ըստ նախնական գնահատման, ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ընկերությանը պատկանող 20 խորքային հոր ենթակա է լուծարման եւ կոնսերվացման: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն այդ աշխատանքները իրականացնելու նպատակով 2014թ.-ի ծախսային ծրագրերի մասով նախատեսել է ֆինանսական հատկացումներ: ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում շարունակվում է ապօրինի խորքային հորերի լուծարման գործընթացը:
Աղբյուր՝ news.am
