Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի գործը արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը:
Նա նշեց, որ իրենք ամեն դեպքում հույս ունեցել են, որ համաներումը կտարածվի նաեւ Կարեն Արայանի վրա եւ նա կհայտնվի ազատության մեջ: Հարցին, թե համաներումը միտումնավոր չի տարածվել նրա վրա, Մարինա Արայանն ասաց .«Չեմ կարող ասել: Ամեն դեպքում հատուկ իր համար հո օրենք չէին փոխելու»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի նախկին ընկեր` Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարներն ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվել է տուգանք` աշխատավարձի 300-ապատիկի չափով:Իսկ Վճռաբեկ դատարանը չէր ընդունել դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի դատավճիռը բեկանելու պահանջը:
http://news.am/arm/news/175963.html
