Նրա մայրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առանց լսելու, թե ինչու ենք զանգել կամ ինչ ենք հարցնելու, վրդովվեց եւ անջատեց հեռախոսը: Այցելեցինք աղջկա բնակավայր, նրանց տան դարպասը բաց էր, բայց ոչ ոք չէր երեւում: Նեղ փողոցում, որտեղ սեփական տներ են շարված, հարեւանները իրար հետ շփումներ ունեն, բայց վերջինիս ընտանիքի հետ չեն շփվում, բավարարվում էին միայն փողոցում իրար բարեւելով եւ անցնելով: Զրուցեցինք աղջկա հարեւանների հետ, ովքեր նրան բնութագրեցին շատ խելոք, համեստ, բարեհամբույր, սուսիկ-փուսիկ աղջիկ, ումից որեւէ վատ բան երբեւէ ոչ լսել են, ոչ էլ տեսել են, միշտ ժպտերես բարեւել է հարեւաններին եւ անցել:
«Իրենք շատ փակ ընտանիք են, իրենց հեռու են պահում, այդպես շփում չենք ունեցել, այնքան, որ երեխան 10 օր կորած է եղել, մենք ինտերնետից ենք իմացել այդ մասին»,- պատմեցին հարեւանները:
Ավելին, նրանցից մեկը մի անգամ փորձել է աղջկա բարեկամներից հարցնել, թե գտել են արդյոք նրան, ինչ նորություն կա, բայց չեն պատասխանել: Հարեւանները «ռիսկ» չեն արել մտնել իրենց տուն, հարցնել, հետաքրքրվել, քանի որ չգիտեն կպատասխանեն, թե ոչ եւ ինչպես կարձագանքեն:
Ընտանիքն այդտեղ ապրում է մոտ 25 տարի, գնել են այդ բնակարանը, բայց այդ տարիների ընթացքում այնքան քիչ է եղել շփումը, որ հարեւանները գրեթե ոչինչ չգիտեն նրանց մասին, օրինակ` որտեղ են աշխատում ընտանիքի անդամները, ինչով են զբաղվում: Միայն պատմեցին, որ ընտանիքում չորս երեխա են` երկու եղբայր եւ երկու քույր, եղբայրներից մեկը այժմ Ռուսաստանում է, մեծ քույրն ամուսնացել է, իսկ աղջիկը տանը կրտսեր էր: Նա ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, տանը երեխաների հետ անգլերեն էր պարապում: Հարեւանները պատմում են, որ աղջիկը ընկերներ, ընկերուհիներ չուներ, երբեմն-երբեմն կարելի էր նրան տեսնել եղբոր երեխաներին զբոսանքի տանելիս:
Հարեւանների համար լրիվ հանելուկ է, թե ինչու պետք է Ա. Բ.-ն դուրս գար տնից եւ անհետ կորեր: Նրանք այդ թեմայով միմյանց հետ խոսում են շշուկով, խուսափում են նաեւ լրագրողների հետ շփվել, քանի որ ընտանիքին կարող է դա դուր չգալ:
NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները մի քանի մանրամասներ պատմեցին աղջկա անհետ կորելու հավանական պատճառների մասին: Նրանք նախ նշեցին, որ աղջկան հայտնաբերել են քաղաքացիների օգնությամբ, նրանք տեսել են վերջինիս Հալաբյան փողոցում, զանգահարել են, ոստիկանները եւ բարեկամները գնացել են եւ նրան բերել բաժանմունք: Այդտեղ Ա.Բ.-ն բացատրություն է տվել եւ ասել, որ զբոսնել է Երեւանում, իր հետ ոչ մի վատ բան չի եղել, իրեն չեն վնասել, գիշերներն էլ անցկացրել է նստարարանների վրա, այգիներում: Աղջիկը բացատրել է, որ չի ցանկացել տանը մնալ, դրա համար է դուրս եկել, ծնողները նրան հետեւել են, փորձել բռնել եւ հետ բերել, բայց չեն կարողացել, դրա համար էլ դիմել են ոստիկանություն:
Նախնական տեղեկությունների համաձայն` նախկինում եւս նա երկու անգամ տնից դուրս է եկել եւ անհետացել, մի անգամ ծնողները դիմել են ոստիկանություն եւ գտել նրան ոստիկանների միջոցով, մի անգամ էլ քաղաքացիների օգնությամբ են գտել:
Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ այժմ նա հոգեբուժարանում է՝ հետազոտություններ անցնելու համար: Ի դեպ, աղջկա հայտնաբերումից հետո հարեւանները չէին տեսել ոչ նրան, ոչ էլ՝ ծնողներին:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր աղջկա համադասարանցիներից մեկը, նրա ծնողները դիմել էին ոստիկանության Շենգավիթի բաժին: Դասընկերուհին նշել էր, թե Ա. Բ.-ն շատ հանգիստ, խելոք, համեստ, «սուսիկ-փուսիկ» աղջիկ է, օրերով կարող է չխոսել: Տնից դուրս գալու օրը, ծնողների պատմելով, նա բարձր տրամադրություն ուներ, մինչ այդ որեւէ միջադեպ չի եղել: Աղջկան վերջին անգամ տեսել էին Աբովյան փողոցում` մենակ:
news.am
