«Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարների աղմկահարույց գործով իր պատիժը կրող Կարեն Արայանի վրա համաներումը չի տարածվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, ասաց, որ ինչպես բոլոր դատապարտյալների ծնողները, ինքը ևս հույս ուներ, որ որդին համաներման կենթարկվի: Սակայն Մարինա Արայանն ընդունում է, որ իր որդին այն հոդվածով է պատիժ կրում, որի վրա համաներումը չի տարածվում:
«Թեպետ Հայաստանում միայն ինքն է այդ հոդվածով կրում իր պատիժը: Հայաստանում միայն մեզ «ռաստ» եկավ Անժելա Սարգսյանը»,- ասաց նա՝ հերքելով վարկածները, թե Կարեն Արայանի «գլխին սարքել են» չհամաներելու համար:
Մարինա Արայանն ասաց, որ միակ հույսը ՄԻ Եվրոպական դատարանն է, որտեղ արդեն դիմել են արդարադատության ակնկալիքով: «Կա մասնագետ, որ այդ գործը տեսել է, և արդարություն կտեսնենք այնտեղ, ոչ թե Հայաստանում»,- նշեց նա:
Կարեն Արայանի մայրը հորդորեց իր որդու անունն այլևս չկապել Անժելա Սարգսյանի հետ, որը փչացրեց իրենց կյանքը: Ըստ նրա՝ Անժելա Սարգսյանը չի սեփականաշնորհել իր որդուն: «Ո՞վ է ասել, որ նա Անժելայի տղամարդն է»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի վերջին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հրապարակել էր Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը մեղավոր էր ճանաչել ամբաստանյալին՝ «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելի դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու համար, և դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման ու տուգանք նշանակել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի (300 հազար դրամ) չափով:
Հաշվի առնելով, որ Կ.Արայանն ուներ նախկինում չմարված դատվածություն (ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով, որի կեսը՝ 3 տարի 3 ամիս ժամկետը կրելուց հետո վաղաժամկետ պայմանական ազատվել էր պատժի մնացած մասը կրելուց), դատարանը գումարել է պատժի չկրած մասը և ընդհանուր առմամբ պատիժ նշանակել 3 տարի 6 ամսվա ազատազրկում և 300 հազար դրամ տուգանք: Այս էր ամենայն հավանականությամբ պատճառը, որ Կարեն Արայանի վրա համաներումը չտարածվեց:
