Իմ բերանից շատ տհաճ հոտ է գալիս սեռական գրգռվածության ժամանակ: Ինչի՞ց է դա, ի՞նչ անեմ: Խնդրում եմ ասեք պատճառը և ու՞մ դիմեմ օգնության համար,- հարցին պատասխանում է  գաստրոենտերոլոգ Հայկ Մանասյանը.

Նախ կարևոր է իմանալ, թե արդյոք տհաճ հոտը Դուք եք նկատում, թե Ձեր զուգընկերը… Որովհետև հնարավոր է, որ ոչ թե սեռական գրգռվածությունը, այլ զուգընկերոջ մոտ լիենլն է բացահայտում հոտի առկայությունը, ինչը այլ դեպքերում չի զգացվում, քանի որ մարդիկ միշտ որոշակի դիստանցիայի վրա են գտնվում իրարից:

Համենայնդեպս, իմացեք, որ օրգանիզմում տհաճ հոտով ոչինչ իրականում չի լինում, չի արտադրվում, և չի դրսևորվում, և եթե ինչ որ չափով տհաճ հոտ է լինում օրգանիզմում, կամ դրա առանձին տեղամասերում, ապա մեղավոր են միայն ու միայն բակտերիաներն ու սնկերը…

Բերանից եկող տհաճ հոտը կարող է պայմանավորվել, առաջին հերթին, լեզվի հիմքի վրա ապրող բակտերիաներով: Քանի որ լեզվի հիմքը բերանում ավելի խոր տեղակայում ունի, իսկ այդ շրջանի մաքրումը կարող է փսխման ռեֆլեքսի տհաճ զգացողություն առաջ բերել, մարդիկ հաճախ ատամները մաքրելիս զերծ են մնում լեզվի հիմքի շրջանում միջամտություններ անելուց:

Խորհուրդ եմ տալից առավոտյան և երեկոյան ատամները մաքրելիս մի թեթև սրբել նաև լեզվի հիմքի շրջանը (դրա համար հատուկ նախատեսված մաքրիչներ են լինում, քանի որ ատամի խոզանակով այնքան էլ հարմար չէ, կամ կարելի է զգուշությամբ սրբել մատին անցկացրած սրբիչով):Բացի այդ, կարող եք բերանը առավոտյան և երեկոյան մի 10 օր ողողել հեքսիլոկ դենտայի լուծույթով:

2. Բերանի հոտի պատճառ կարող են լինել փչացած ատամներն ու հիվանդ լնդերը, այնպես որ ատամնուբուժին դիմելու պատճառ կարող է լինել սա:

3. Բերանի հոտը կարող է առաջանալ կոկորդում առկա բորբոքային օջախներից, որի մասին պացիենտը կարող է մտածել, եթե բկանցքում կա ցավ կամ թուքը կուլ տալուց լինում է տհաճություն, ցավ, դիսկոմֆորտ: Այս հարցերը կարող է լուծել քիթ-կոկորդ-ականջի մասնագետը՝ ԼՕՌ – բժիշկը:

4. Երբեմն բերանի հոտի պատճառ են լինում ստամոքսում առկա խնդիրները, որոնք, բերելով վատ մարսողության և սննդի թույլ տեղաշարժին, կարող են տհաճ հոտով հանդես գալ, հատկապես գղտոցների ժամանակ:

5. Շատերի համար գաղտնի պատճառներից մեկը, որը կարող է բերանի հոտի պատճառ դառնալ՝ աղիքային խնդրներն են, երբ աղիներում նեխական բակտերիաների գերաճի պատճառով հենց աղիներում արտադրվում է մեծ քանակի նեխական գազեր, որոնք ունեն խիստ տհաճ հոտ:

Ահա այս գազերը աղիներում ներծծվում են արյան մեջ (դա հիմնականում վտանգավոր չէ), իսկ արյունը, շրջանառվելով, գալիս է թոքեր, և այդ գազերը դուրս են պրծնում շնչառության հետ, ու բերանում ստեղծում տհաճ հոտ: Ահա թե ինչու, ասենք, սխտոր կամ սուր հոտով մեկ այլ բան ուտելուց 1-2 օր անց մարդու բերանից կարող է դեռ զգացվել ասենք սխտորի հոտը: Պատճառը նույնն է:

Թեև սխտորը վաղուց հասել է աղիներ, ու հեռու է բերանից և ստամոքսից, սուր հոտով գազերը շարունակվում են ներծծվել արյան մեջ և գալով թոքեր՝ արտաշնչվել:
Սրա բուժումը դեպքերի մեծ մասում դժվար չէ, և գաստրոէնտերոլոգի կամ ընտանեկան բժշկի կողմից հեշտությամբ կարող է շտկվել:

Բոլոր այս դեպքերում հոտի պատճառ են միկրոօրգանիզմները, և օրգանիզմի տարբեր մասերում առկա այս կամ այն խնդիրը, որը թույլ է տալիս այդ միկրօրգանիզմներին “չափն անցնել”…Թերևս այսքանը…

աղբյուր՝ doctors.am