Հարցազրույց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

– Պարոն գեներալ, Արցախյան պատերազմի կազմակերպչական որոշ հարցերի շուրջ օրերս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի տված հարցազրույցները շահարկումների տեղիք տվեցին: Նախ՝ գեներալ-մայորը նշեց, որ Դուք չցանկացաք մնալ այն խնդիրների մեջ, որոնք կային մեր բանակում, հակասություններ ունեիք նաև Վազգեն Սարգսյանի և նրա ստեղծած խմբավորումների հետ, որի պատճառով էլ թողեցիք-հեռացաք: Ո՞րն է իրականությունը:

 – Երևի Կոմանդոսը նման հայտարարությամբ հանդես է եկել իմ՝ ավելի վաղ տված հարցազրույցից հետո: Ես Ձեզ պաշտոնապես ասում եմ, որ դա ճիշտ չէ, ես այն անհատականությունը չեմ, ում որևէ մեկը նեղացնի, կամ ես նեղացնեմ: Ես հրավիրվել եմ Հայաստան ՀՀ ԶՈւ ձևավորելու համար, որը երբեք այդքան գիտականորեն չէր եղել կազմակերպված՝ որպես կանոնավոր զինված ուժեր: Ի դեպ, նկատի ունեմ վերջին հարյուրամյակը: Ուստի ինձ հրավիրեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև՝ Վահան Շիրխանյանը: ԶՈւ ձևավորման ընթացքում ինձ խնդրեցին լինել ՀՀ պաշտպանության նախարար, ես հրաժարվեցի այդ պարտականությունից և խնդրեցի, որ Վազգեն Սարգսյանը նշանակվի նախարար, բայց նա մշտական հանձնաժողովի նախագահ էր, եթե չեմ սխալվում: Նա ասում էր, թե չի հասկանում այդ ամենից, բայց մենք ասում էինք, որ կօգնենք իրեն, որ ես կզբաղվեմ՝ որպես զինված ուժերի մասնագետ, իսկ ինքը ամբողջությամբ՝ որպես ՀՀ ՊՆ նախարար, ադմինիստրատիվ գործունեությամբ և այլն, և այլն:

Ինձ համար Վազգեն Սարգսյանը չորս տարվա ընթացքում, որքան որ ես այնտեղ էի, օրինակ էր հայրենասիրության, հայրենիքի, հայ ժողովրդի հանդեպ սիրո: Վազգեն Սարգսյանն ինձ երբեք որևէ տգեղ բառ չի ասել, թեև ես չէի էլ ստեղծում այնպիսի մթնոլորտ, որպեսզի որևէ մեկն ինձ որևէ տգեղ բառ ասեր, չէ՞ որ մենք ԶՈւ էինք  ստեղծում և անցկացրինք բանակային հակահարձակողական գործողություն և ազատագրեցինք մեր հողերը:

Ոչ մի անգամ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն ինձ որևէ վատ խոսք չեն ասել, իսկ ես՝ առավել ևս: Նախ՝ ես իրավունք չունեի, քանի որ նրանք ղեկավար անձինք էին, թեև ես երբեք ոչինչ չեմ արհամարհել: Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը չափազանց նրբանկատ, բարձր կազմակերպվածությամբ, ջենտլմենական մոտեցում ունեին, և ես խոնարհվում եմ նրանց առջև: Ես պաշտոնապես եմ այդ մասին հայտարարում: Երբ եկավ ժամանակը հեռանալու, քանի որ ես ծրագիր ունեի, ես չէի մնալու Հայաստանում ապրելու, ես ապրել եմ Մոսկվայում՝ Աֆղանստանի կռվից հետո։ Գալով Հայաստան՝ ես ասել էի, որ չեմ մնալու այդտեղ և այդ մասին ասել եմ։ Ոչ մեկ անգամ խնդրել են դառնալ պաշտպանության նախարար, ես բազմիցս հրաժարվել եմ, քանի որ նախարարները շեղվում էին, ժողովների էին գնում, իսկ բանակը պետք էր ձևավորել և ղեկավարել, ուստի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Վազգեն Մանուկյանին, իսկ հետո Վազգեն Մանուկյանը հեռացավ ինչ-որ տեղ, և ես ստանձնել եմ պաշտպանության նախարարի պարտականությունները, և՝ գլխավոր շտապի պետի։ Իսկ Վազգեն Սարգսյանը դարձավ պետնախարար, և նա համակարգում էր բոլոր ուժային կառույցները Հայաստանում, և մենք ենթարկվում էինք իրեն, իսկ երբ ամեն ինչ վերջացավ, պատերազմը վերջացավ, ես խնդրեցի ինձ հեռացնել ԶՈւ համակարգից, որպեսզի վերադառնամ իմ հայրենիք:

Ինձ խնդրեցին ասել թե ում պետք է նախարար նշանակեն, ես էլ ասացի, որ կարող են նշանակել Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղից։ Ես եմ առաջարկել, և այդ ամենի վկան Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այդ ժամանակ ինձ ուղարկեցին ՆԱՏՕ՝ Բրյուսել, ես հաշվետվություն ներկայացրեցի պատերազմի վերաբերյալ և երբ վերադարձա Սերժ Սարգսյանն արդեն նստած էր նախարարի աշխատասենյակում: Հետո ես մոտավորապես մեկ տարի նրա առաջին տեղակալն էի, որպեսզի նրան իրավիճակի մեջ մտցնեի, քանի որ խոսքը բանակի մասին էր, որովհետև խոսքը խմբավորման մասին չէր, այլ բանակի, և արդեն այդ ամենից հետո ես Վազգեն Սարգսյանին զեկուցեցի և նախագահին. «Սիրելիներս, թողեք ինձ, խնդրում եմ, ես իմ առջև դրված խնդիրը կատարել եմ»: Հետաքրքիր է, որ նրանք ինձ չէին թողնում, չէին թողնում։ Երբ մենք թռնում էինք Մոսկվա, և՛ Վազգեն Սարգսյանը, և՛ Տեր-Պետրոսյանը նույնպես միևնույն ինքնաթիռի մեջ էին և ուղևորվում էին հանդիպման… Քանի որ ես Հայաստանում հրաժարվեցի աշխատավարձից, և ինձ տալիս էին հնարավորություններ սննդի համար, մինչ Մոսկվա թռիչքը Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը մոտեցան ինձ և նրանք ինձ տվեցին 100 դոլար՝ ասելով, թե պետք կգա: Չափազանց ընկերական, եղբայրական, չափազանց լավ մթնոլորտում ենք բաժանվել: Ես կարող եմ ասել, որ երբեք որևէ մեկն այդ մարդկանցից ինձ չի նեղացրել: Երբ ես մեկնեցի, և Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, ոչ մեկ անգամ է Մոսկվա եկել, խնդրել հանդիպել։ Ես գալիս էի, նա հրավիրում էր ինձ ցանկացած պաշտոնի, հիշեցնում էր, թե ինչ հրաշալի կերպով ենք բանակ ստեղծել միասին, հաղթեցինք, ազատագրեցինք մեր հողերը: Ես ասում էի. «Վազգեն Զավենովիչ, դե ցանկալի չէ այդքան, ես Հայաստանի բնակիչ չեմ, պարզապես ես այնտեղ չեմ ծնվել, այնտեղ կան մարդիկ, ովքեր ապրում են և ավելի մոտ են այդ ամենին»: Բայց ես լսել եմ, որ մի թերթում գրվել է, թե ես նեղացել ու հեռացել եմ։ Ես կին չեմ, տղամարդ եմ, ի դեպ՝ ջենտլմեն տղամարդ, և նեղանալ որևէ մեկից չեմ պատրաստվում: Արկադի Տեր-Թադևոսյանը վարկաբեկում է Վազգեն Սարգսյանին, դա իրեն պատիվ չի բերում: Նա սխալ է արտահայտվել:

– Անդրադարձ է եղել նաև Շուշիի ազատագրմանը: Գեներալ-մայորը նշել է, որ Վազգեն Սարգսյանը շատ սխալներ է գործել, ինչպես օրինակ` Շուշիի ազատագրման ժամանակ թույլ չի տվել, որ մի առաջնորդ մինչև վերջ ղեկավարի գործողությունը:

 – Շուշին ազատագրվել է 1992 թ. մայիս ամսին, իսկ հրավիրվել եմ Հայաստան 1992 թ. օգոստոս ամսին: Ես Շուշիի ազատագրմանը չեմ մասնակցել: Ես գիտեմ, որ ղեկավարել է ոչ միայն Արկադի Տեր-Թադևոսյանը, այլև Դալիբալթայանը: Վազգեն Սարգսյանը մեծագույն առաջնորդ և ղեկավար էր, կազմակերպիչ էր, և միայն իր խոսքերն էին ընդունվում, միայն իրեն էին լսում, և միայն ինքն էր հանդիսանում առաջնորդը: Դրա մասին բոլոր հայերը պետք է հիշեն, բոլոր հայերը: Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, ես չորս տարի եղել եմ Հայաստանում՝ ամենաբարդ ժամանակներում, երբ չկար գազ, ջուր, պատերազմ էր, և մենք ոչնչից հզոր բանակ ստեղծեցինք, որով ազատագրեցինք Հայաստանի մասերից մեկը, և այդ գործում նրա դերակատարությունը մեծագույն է, մեծագո՛ւյն: Նա իմ սիրելի, հիանալի մարդն է: Ես խոնարհվում եմ նրա առջև:

– Դուք ասում եք, որ Շուշիի ազատագրումը ղեկավարել է ոչ միայն Արկադի Տեր-Թադևոսյանն, այլև Դալիբալթայանը, իսկ Կոմանդոսը պնդում է, որ Խոջալուի գործողությունից առաջ, երբ Դալիբալթայանը ձախողեց այն, հետո և՛ Շուշին, և՛ Խոջալուն Վազգեն Սարգսյանը վերագրեց Դալիբալթայանին:

 – Ես այդ բամբասանքներին չեմ ցանկանում անդրադառնալ: Դա քաղաքական մարմնավաճառություն է: Չի կարելի խոսել այն բաների մասին, որոնց մասին գաղափար չունես: Պարոն Տեր-Թադևոսյանը հարգարժան, լավ մարդ է, ինչու է այդպիսի բաներ ասում, ես չգիտեմ: Ինչ չգիտեմ՝ չգիտեմ:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, կա տեսակետ, որ այս տեղեկատվական ալիքը, որում շահարկվում է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը, պատահական չէ, և այն ուղղորդվում է: Համաձա՞յն եք արդյոք։ Եթե այո, ապա ըստ Ձեզ, ո՞ւմ է ձեռնտու սա:

 – Ես, անկեղծ ասած, գեներալ Տեր-Թադևոսյանի հարցազրույցը չեմ կարդացել։ Եթե այն ուղղված է հատուկ նրան, որ վարկաբեկի Վազգեն Սարգսյանի անունը, ապա նա մեծագույն սխալ է թույլ տալիս, մեծագույն սխալ: Վազգեն Սարգսյանին վարկաբեկելու իրավունք որևէ մեկը չունի: Հենց Վազգեն Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ մենք ունեցանք բանակ, որը կյանքում առաջին անգամ ազատագրեց մեր հողերը և պաշտպանեց հայ ժողովրդի արժանապատվությունը: Ես ճակատագրին շնորհակալ եմ, որ Վազգեն Սարգսյանին ծանոթ եմ եղել, և որ նա ղեկին էր, և մենք միասին բանակ էինք ստեղծում: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես որ պետք է: Վազգեն Մանուկյանը, երբ ստանձնել էր ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, երբ ես հրաժարվել էի, ոչ մի անգամ դեմ ոչինչ չի ասվել, մենք շատ լավ հարաբերություններ ունեինք: Իսկ քաղաքական՝ ով ում հետ, ես չեմ զբաղվել, ես քաղաքական մարմնավաճառությամբ չեմ զբաղվել, ինձ հարկավոր էր փրկել հայրենիքը, հայ ժողովրդին, ես դա արեցի իմ հնարավորությունների շրջանակում, և դա ստացվեց իմ ընկերների հետ միասին: Քաղաքական նման բանսարկությունների ժամանակը չէ, պետք է միավորել գիտելիքները, ունակությունները, հնարավորությունները և ազատագրել Հայաստանը տնտեսական ճգնաժամից, հնարավորություն տալ մարդկանց աշխատելու, այնպես անել, որ Հայաստանը չլքեն մարդիկ։ Ահա, թե ինչ է պետք անել և չզբաղվել քաղաքական մարմնավաճառությամբ:

Մանրամասները` «Առաջին լրատվական»