Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Նիկողոսյանը 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համացանցի «Օդնոկլասնիկի» կայքում, իր կողմից օգտագործվող «Պուճուրիկ Լիլուշիկ» և «Արմինկա» պայմանական անուններով էջում տեղադրել է պոռնկագրական բնույթի տեսահոլովակ ու մինչև դեկտեմբերի 13-ը համացանցում տարբեր մարդկանց հետ շփվելու եղանակով տարածել է դրանք:

Գևորգ Նիկողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա ասել է, թե ազատ ժամանակ զբաղվում է «Օդնոկլասնիկի» կայքում առկա խաղերով:

2011 թվականին պատահաբար ծանոթացել է Արմինկա անունով աղջկա հետ, ում նրա իսկ խնդրանքով Լիլուշիկ է անվանել: Հենց Լիլուշիկն էլ իրեն տրամադրել է «Պուճուրիկ Լիլուշիկ» պայմանական անունով էջը:

Գևորգը հայտնել է, թե այդ «Լիլուշիկին» ինքը չի ճանաչում, երբեք չի հանդիպել: Համացանցով ու հեռախոսով են շփվել, գիտի միայն, որ նա աշխատել է պայուսակների ինչ-որ խանութում:

Երբ «Լիլուշիկն» իրեն տրամադրել է էջը, այնտեղ ներբեռնված են եղել տարբեր աղջիկների լուսանկարներ: Ինքը դրանք չի ջնջել: Իր կողմից ներբեռնել է պոռնկագրական մի տեսահոլովակ:

Ըստ Գևորգի՝ ինքը կայքից բան չի հասկանում, պարզապես թյուրիմացաբար կարող է «դաբավիծ» է տվել:

«Լիլուշիկ» էջի պրոֆիլը բաց է եղել, տեսահոլովակը կարող էին բոլորն էլ տեսնել: Էջի՝ «Պուճուրիկ Լիլուշիկ» անունը հետո դարձել է «Արմինկա», ինքը չգիտի, թե ով է վերանվանել:

Ինչպե՞ս է բացահայտվել պոռնկագրական տեսահոլովակը Գևորգի օգտագործած էջում:

2012 թվականի սեպտեմբերի 18-ին Արմեն անունով մի երիտասարդ Մոսկվայից զանգահարել է իր ծանոթուհի Է.-ին ու տեղեկացրել, թե համացանցում տեսել է նրա անձնական լուսանկարներով, «Պուճուրիկ Լիլուշիկ» պայմանական անունով մի էջ:

Կինը անմիջապես «Օդնոկլասնիկի» կայքում գտել է նշված էջը և, ով զարմանք, տեսել է, որ էջի գլխավոր նկարի տեղում իր անձնական լուսանկարն է. ինքը այդ լուսանկարն արել էր 2009 թվականին իրենց տանը՝ կարճ շորտով բազկաթոռին նստած: Կինը նույն էջում տեսել է իր անձնական լուսանկարներից ևս մեկը, որ ինքն արել էր՝ լողազգեստով գետի ափին, քարերի վրա նստած:

Այդ լուսանկարներն ինքը «Օդնոկլասնիկի» իր էջում տեղադրել է շատ կարճ ժամանակով, հետո ջնջել է, որ ամուսինն ու երեխաները չտեսնեն:

Կնոջ կարծիքով՝ հնարավոր է, որ լուսանկարները համացանց ներբեռնված ժամանակ ինչ-որ մեկը քաշած լինի իր էջից:

Կինը հաղորդագրություն է ուղարկել «Պուճուրիկ Լիլուշիկ» էջին, պահանջել է ջնջել իր լուսանկարները, սակայն իր պահանջը չի կատարվել:

Զննելով այդ էջը՝ տեսել է, որ իր լուսանկարներից բացի ուրիշ աղջիկների լուսանկարներ էլ կան: «Վիդեոներ» բաժնում եղել է պոռնկագրական բնույթի տեսահոլովակ:

Կինը ևս մի քանի անգամ հաղորդագրություններով խնդրել է ջնջել իր լուսանկարները, արդյունքի չի հասել, ապա ստիպված դիմել է ոստիկանություն:

«Պուճուրիկ Լիլուշիկ» էջի պոռնկագրական բնույթի տեսահոլովակը, ըստ զննության արձանագրության, մեկնաբանել են 403 օգտատերեր, իսկ տեսահոլովակը դիտած և «Կլաս» տված օգտատերերը եղել են 2001-ը:

Դատարանը Գևորգ Նիկողոսյանի պատասխանատվությունը և պատիժը խստացնող հանգամանք է համարել հանցանք կատարելու ռեցիդիվը. 2010 թվականին նա դատապարտվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:

Գևորգ Նիկողոսյանը մեղավոր է ճանաչվել պոռնկագրական բնույթի նյութ տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Նման նյութերի սիրահարները պիտի իմանան, որ անգամ պայմանական անվանումով համացանցային էջերում «գործելու» դեպքում իրենք անհասանելի չեն, մասնագետները հեշտությամբ կարող են բացահայտել նրանց, իսկ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով պատասխանատվություն ու պատիժ է սահմանվում այս կարգի արարքների համար: ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարի ազատազրկումն է:
1in.am