Սամվել Ալեքսանյանն այսօր բացել է «Երևան Սիթիի» վերածված Փակ շուկան: Մշակութային հուշարձանի գլխին ցցված գունավոր պլաստմասե թիթեղները չափազանց տգեղ են, դրանք ոչ մի կապ չունեն ճարտարապետական այն ոճի հետ, որն ի սկզբանե ունեցել է Գրիգոր Աղաբաբյանի նախագծած կառույցը: Երևանցու բառապաշարում մի շատ կարևոր բան է փոխվում՝ Փակ շուկայի փոխարեն կառույցն արդեն «Երևան սիթի» է կոչվում: Սա փաստացի օլիգարխի հաղթանակն էր ընդդեմ օրենքի, քաղաքաշինական նորմերի ու քաղաքացիական հասարակության ընդվզման: Ինչպես ասում են՝ եղածն եղած է: Բայց հասարակությունն իրավունք ունի, ավելին՝ պարտավոր է չհամակերպվել իրավիճակին ու պայքարի ելքը վճռել ինքնուրույն՝ բոյկոտելով Ալեքսանյանի նորաբաց սուպերմարկետը:

Փակ շուկան վերածվել է յուրօրինակ լակմուսի. այն հատուկ ինդիկատոր է, որը կարող է հստակեցնել՝ մենք՝ իբրև հասարակություն, արդյոք կարո՞ղ ենք վերջապես դառնալ քաղաքացիական, թե՞ բողոքներն ու ընդվզումները ընդամենը մի քանի անհատների սուբյեկտիվ մոտեցման հետևանք էին: Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթին» առևտրի օբյեկտ է, որի  բիզնես-հաջողության միակ գրավականը հաճախորդներն են: Այսինքն՝ կլինի՞ արդյոք «Երաևն սիթին» մեկ-երկու-երեք ամիս կամ երկու-երեք տարի անց, կախված է միայն ու միայն մեզնից՝ ամենասովորական ՀՀ քաղաքացիներիցս: Բոլոր նրանք, ովքեր օրեր, ամիսներ շարունակ պայքարում էին Փակ շուկայի մատույցներում, այսօր պետք է կարողանան հասարակական նախաձեռնություն ցուցաբերել ու կոչ անել, որ որևէ գնորդ ուղղակի չմտնի «Երևան սիթի» դարձած Փակ շուկա ու այնտեղից առևտուր չանի: Եթե հասարակության համար Փակ շուկայի այլանդակումն իսկապես անընդունելի ու մերժելի ներքին պահանջ է, ապա հենց այդպես էլ կլինի, երևանցին ուղղակի կբոյկոտի մշակույթի այլանդակման հետևանքով ստեղծված Սիթին: Ի դեպ, սա շատ արդյունավետ ու աշխատող մեխանիզմ է ողջ Եվրոպայում. այնտեղ սուպերմարկետի տերն ուղղակի սարսափում է հանրային ընդվզումից: Սակայն, ինչպես մնացած շատ այլ հարցերում, այս դեպքում ևս մերն ուրիշ է: Այսքան դժգոհելուց ու բողոքելուց հետո երևանցին հենց վաղն ևեթ վստահաբար մեծագույն սիրով կգնա ու առևտուր կանի նորաբաց «Երաևան սիթիից»՝ այդպիսով նպաստելով, որ Փակ շուկան վերջնականապես կորցնի մշակութային նախկին արժեքը վերագտնելու շանսը:

Նույն բանը տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի պարագայում: Ոչ ոք չի մոռացել, որ նախանցած ամռանը, երբ Հայրապետյանի թիկնապահներն այստեղ, դաժան ծեծի ենթարկելով սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, հանրային բոյկոտ սկսվեց ընդդեմ «Հարսնաքարի»: Ակտիվիստներն անգամ մի քանի հարսանեկան խնջույքներ տապալեցին ու խոչընդոտեցին՝ պնդելով, թե չի կարելի ուրախություն անել մի վայրում, որտեղ մարդ են սպանում: Իսկ ի՞նչ եղավ հետո: Իհա՛րկե ոչինչ: Հայրապետյանի «Հարսնաքարում» այսօր և՛ ճոխ հարսանիքներ են նշվում, և՛ կնունքներ ու ծնունդներ, և՛ էլիտար իշխանական  խնջույքներ: Այսինքն՝ Հայրապետյանը հանգիստ իր բիզնեսն է անում, եկամուտներ ստանում:

Նույն բանն, անշուշտ, լիենլու է նաև Փակ շուկայի պարագայում: Բոլորը շատ շուտով կմոռանան, որ «Երևան սիթին» կառուցվել է անօրինական ճանապարհով՝ առանց թույլտվության՝ փչացնելով հին Երևանի ամենագեղեցիկ շինություններից մեկի ճարտարապետությունը: Ցույցերի, քանդելու ու ջարդելու ժամանակն արդեն անցել է: Ավելին՝ այդ կարգի կոչերը նաև անօրինական են: Սամվել Ալեքսանյանին հաղթելու միայն մի տարբերակ կա՝ բոյկոտել նորաբաց «Երևան սիթին»:

Հակառակ պարագայում ստիպված ենք հաշտվել կատարվածի հետ ու խոստովանել, որ մենք՝ իբրև հասարակություն, արժանի ենք Լֆիկ Սամվելի կարգի օլիգարխների:

 

Կարինե Սարիբեկյան


http://hayeli.am/article/374849/