ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնը (CDC) կազմել է հատուկ խորհրդատվությունների ցանկ ամերիկացիների համար, ովքեր պատրաստվում են ներկա լինել Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

Բժիշկները խորհուրդ են տվել փռշտալիս և հազալիս բերանը փակել ոչ թե ձեռքով, այլ՝ անձեռոցիկով:  CDC-ի մասնագետներն ամերիկացիներին խորհուրդ են տվել միշտ կապել ամրագոտիները, հաճախ լվանալ ձեռքերը, օգտագործել չափավոր քանակով ալկոհոլ, իսկ սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործել պահպանակներ:

Բժիշկները նաև նշել են, որ լարված իրադրություն է Սոչիի ճանապարհներին, ինչի հետևանքով մեծ է խցանումների մեջ ընկնելու հավանականությունը: Հետիոտներին խորհուրդ են տվել զգույշ անցնել ճանապարհը, որովհետև ռուս վարորդները սովորաբար չեն զիջում ճանապարհը:

CDC-ի մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել ռուսաստանցի երկրպագուների խմբերի վրա, որոնց հետ կարող են խնդիրներ առաջանալ մարզական մրցումների ժամանակ:
 


Աղբյուր՝ www.tert.am