Արարատ քաղաքի բնակչուհի Քրիստինեն 2012 թվականի փետրվարի 13-ին ցած էր նետվել իր տան պատշգամբից ու մահացել:

Սեպտեմբերի 25-ին Քրիստինեի ամուսինը՝ 45-ամյա Աշոտ Աբգարյանն այդ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Աշոտ Աբգարյանին մեղավոր է ճանաչել դաժան վերաբերմունքի, արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:

Դատաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Աշոտն ու Քրիստինեն 2001 թվականից եղել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա:

Ամուսնության ընթացքում Աշոտը կնոջ նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, նվաստացրել է նրա արժանապատվությունը: Ալկոհոլի ազդեցության տակ հաճախ ծեծի է ենթարկել նրան, աշխատած գումարները ծախսել ալկոհոլի վրա, ընտանիքում առաջացրել է անբարենպաստ սոցիալ-հոգեբանական սթրեսածին պայմաններ:

Բռնությունների հետևանքով Քրիստինեն ստացել է մարմնական վնասվածքներ:

Բացասական ապրումների վրա սևեռվելու պատճառով առաջացած լարվածության կուտակումը Քրիստինեն ընկալել է որպես անելանելի իրավիճակ, ինչն էլ «գագաթնակետին է հասել» 2012 թվականի փետրվարի 13-ին:

Այդ օրը ամուսնու հետ հերթական վիճաբանության ժամանակ Քրիստինեն, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, միգուցե վախենալով դարձյալ ծեծի ենթարկվելուց, փորձել է փախչել տնից, բայց Աշոտը թույլ չի տվել, բանալիով կողպել է բնակարանի դուռը:

Հնարավորություն չունենալով տնից փախչելու՝ Քրիստինեն դուրս է եկել պատշգամբ ու, ըստ դատարանի՝ «վերջին հույսը կորցրած լինելով՝ պահի ազդեցության տակ նրա մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում՝ «սուր դեպրեսիվ հակազդման ձևով», ինչի արդյունքում Քրիստինեն դիմել է ինքնասպանության՝ ցած է նետվել պատշգամբից, ստացել գանգուղեղային փակ բութ վնասվածք, գլխուղեղի կարևոր ֆունկցիաների սուր խանգարում:

Ամուսինը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դատական երկու ատյաններում էլ Աշոտ Աբգարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Պնդել է, թե ինքը կնոջն ինքնասպանության չի դրդել:

Իր կինն անհնազանդ է եղել, «լեզվանի», երբեմն օղի է խմել: Ինքն է մեղավոր, որ նրան թույլ է տվել օղի խմել, հատկապես դեպքի օրը:

Այդ օրը թույլ չի տվել, որ ուշ ժամին կինը տնից դուրս գա, բայց կնոջ «կոտոշներն աճել էին», նա ցանկացել է պատշգամբից իջնել ու հեռանալ, բայց ընկել է, պատշգամբի տակ էլ սառույց է եղել, նա սայթաքել է, վնասվածքներ ստացել…

Կատարվածի համար ինքը զղջում է ու տառապում:

Քրեական գործի քննությամբ հերքվել է, որ Քրիստինեն դեպքի օրը ալկոհոլ օգտագործած լինի՝ նրա արյան մեջ ալկոհոլ ընդհանրապես չի հայտնաբերվել: Վկաների տված ցուցմունքներով՝ Քրիստինեն եղել է համեստ կին ու սիրող մայր:

Կնոջը ծեծելը իր ամուսնական «պարտականությունը» համարող տղամարդը մահից հետո էլ փորձել է իրեն փրկելու համար սևացնել կնոջը: Նույն հիմնավորումները նա բերում էր նաև վերաքննիչ քրեական դատարանում:

Ցավոք, երեք երեխա ունեցող կինը չի կարողացել պաշտպանվել, չի պատկերացրել իր իրավունքները, լռել ու դիմացել է, մինչև լարվածությունից ու վախից դիմել է ծայրահեղ քայլի՝ ինքն իրեն զրկել է կյանքից:

Աշոտ Աբգարյանը անտեսել է, թե կնոջ նկատմամբ դրսևորած իր դաժան վերաբերմունքով, կնոջ ինքնասպանությամբ ինչ տառապանքի ու հոգեկան ցնցման է ենթարկել իր երեխաներին:

Որպես Աբգարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարվել խնամքին մինչև 14 տարեկան երեք երեխայի առկայությունը: Ծանրացնող հանգամանք՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում:

Ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Աբգարյանին դատապարտել է 1 տարի ազատազրկման:

Նրան կալանքի տակ կառնեն դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո: Պատժի սկիզբը՝ փաստացի կալանքի տակ առնելու օրից:

Դատարանը վճռել է պատժաժամկետի ընթացքում Աշոտ Աբգարյանի խնամքի տակ գտնվող 11, 8 և 5 տարեկան երեխաների խնամքը հանձնել իրավասու մարմնի՝ Արարատի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության մարմնին:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Աբգարյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված բողոքը, մերժեց այն, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ:
1in.am