Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ կարճվել է Արտեմ Մկրտչյանի գործի վարույթը:
Գեղադիր գյուղի բնակիչ Արտեմը մեղադրվում էր համեմատաբար «հին մեղքի» համար: Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել 2011 թվականի հուլիսի 31-ի երեկոյան կատարած հանցավոր արարքի համար. այն ժամանակ 22-ամյա Արտեմը, ըստ մեղադրանքի, սեռական հարաբերություն էր ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չբոլորած՝ 1997 թվականի հունվարի 8-ին ծնված աղջկա հետ:
Այս հանցավոր արարքը կատարվել էր մարզի մեկ այլ գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում, ամառային արձակուրդի օրերին:
Արտեմ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:
Դատական նիստի նախապատրաստական մասում, մինչև դատաքննության անցնելը ամբաստանյալ Արտեմ Մկրտչյանը հայտնել է, թե առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Միաժամանակ նա միջնորդել է իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:
Մեղադրողը չի առարկել ամբաստանյալի միջնորդության դեմ և հայտարարել է, թե հրաժարվում է Արտեմ Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անցել են նրան ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները:
Տուժողն ու նրա օրինական ներկայացուցիչը միջնորդության առնչությամբ դիրքորոշում չեն հայտնել:
Ընդհանուր իրավասության դատարանը նկատի է առել, որ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել Արտեմ Մկրտչյանին, սահմանված է առավելագույնը՝ 2 տարի ազատազրկում:
ՀՀ քրեական օրենսգրքի 19 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հանցավոր արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ազատազրկումը, այն համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն:
Քրեական օրենսգրքի 75 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունն ավարտված համարվելու օրվանից 2 տարի անց անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Արտեմ Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, ոչ մեծ ծանրության հանցավոր արարքը կատարել էր 2011 թվականի հուլիսի 31-ին:
Ամբաստանյալի միջնորդությունը դատարանը քննարկել է 2013 թվականի օգոստոսի 21-ին՝ հանցավոր արարքի կատարումից 2 տարի 21 օր անց…
Ընդհանուր իրավասության դատարանը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել Արտեմ Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
http://www.1in.am/arm/armenia_right_212911.html