Աներորդուն ծեծի ենթարկելու և կյանքի համար վտանգավոր վնասվածքներ հասցնելու համար Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Պետրոսյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման:
Աղմուկ հանած այս պատմությունը տեղի էր ունեցել շուրջ 1 տարի առաջ, 2012թ-ի դեկտեմբերի 10-ին-փոխաննցում է «Փաստինֆո» գործակալությունը:
40-ամյա Արթուր Պետրոսյանը, գիշերը, ժամը 04-ին, իր բնակարանում բռունցքներով, ապա նաև վառարանը խառնելու համար նախատեսված մետաղյա ձողով, շուրջ 1 ժամ շարունակ ծեծի էր ենթարկել իր աներոջ որդուն` Արման Խաչատուրովին: Հարվածելով վերջինի գլխի և մարմնի տարբեր մասերին, դեմքին, ձեռքերին ու ոտքերին` դիտավորությամբ պատճառել էր կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Իսկ արդեն կատարվածից հետո, հաջորդ օրը կամավոր ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական ցուցմունքներ:
Արթուր Պետրոսյանն իրավապահներին հայտնել էր, թե կատարվածը վրիժառության հետևանք է:
Բանն այն է, որ իրեն հայտնի էր դարձել, որ իր աներորդի Արման Խաչատուրովը պարբերաբար սեռական բնույթի գործողություններ է կատարել իր կնոջ` Մարիամ Պետրոսյանի հետ:
Թե ինչն էր Արման Խաչատուրովին դրդել սեփական ամուսնացած քրոջ նկատմամբ նման արյունապիղծ արարքի, թեև դատարանի իրավասությունից դուրս է, բայց դատարանը, վճիռ կայացնելիս, հաշվի էր առել այն փաստը, որ Արթուր Պետրոսյանի գործողությունները պայմանավորված են եղել տուժողի հակաբարոյական վարքագծով։
Որպես Արթուր Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել նաև այն, որ նրա խնամքի տակ են գտնվում թոշակառու ծնողները և մանկահասակ երկու երեխաները, նա ընտանիքի միակ կերակրողն է, դեպքից անմիջապես հետո ներկայացել է մեղայականով, տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն:
Ի դեպ, Արթուր Պետրոսյանն ինքն էլ միջնորդել էր դատարանին գործը քննել արագացված կարգով, ինչը և արվել էր:
Արթուր Պետրոսյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով։
–
http://www.slaq.am/arm/news/153793/
