Հոկտեմբերի 22-ին մինչեւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամների հավաքվելը Մաշտոցի պուրակում նրանց սպասում էին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «պաշտպանները»՝ կարմիր գլխարկները դրած։

Ամբողջ ակցիայի ընթացքում նրանք ստվերի պես հետեւում էին ակտիվիստներին։ «Դուք ուր գնաք, մենք ձեր հետեւից գալու ենք»,- հայտարարեց սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը։

Դեղին գլխարկով ակտիվիստները առջեւից, ոստիկանները՝ մեջտեղից, կարմիր գլխարկովներն էլ՝ հետեւից սկսեցին երթը։ Մինչ ակտիվիստները «Երեւան սիթին» բոյկոտելու կոչերով թռուցիկներ էին բաժանում անցորդներին ու բարձրախոսերով հորդորում չօգտվել սուպերմարկետների ցանցից, Ալեքսանյանի «պաշտպանները» խլում էին անցորդներից թռուցիկները, պատռում ու նետում։

Ակտիվիստները քաղաքով մեկ պտտեցրին «կարմիրներին». նախ՝ Մաշտոցի պողոտայով բարձրացան Օպերա, հետո Հյուսիսային պողոտայով իջան Հանրապետության հրապարակ, ապա՝ Մշակույթի նախարարություն։ Այստեղ արդեն Ալեքսանյանի մարդիկ սկսեցին տրտնջալ, թե՝ «հոգնեցինք, դե պրծեք, գնացեք, կարո՞ղ ա գիտեք՝ սաղ քաղաքով ման ենք գալու»։

Մշակույթի նախարարության մոտ ակտիվիստները բարձրախոսերով պահանջեցին, որպեսզի նախարարն իջնի ու պատասխան տա «Փակ շուկա» հուշարձանի աղճատման համար։ Այդ ընթացքում «կարմիր գլխարկները» անգործ չէին, «դիրիժորի» ցուցումներով գոռում էին «Փակ շուկա», «հեռացեք», «գրանտակերներ»։ Ալեքսանյանի մարդկանցից մեկը հենց սկզբից հրահանգեց ակտիվիստներին «բոմժեր» չասել, լրագրողների հարցերին «մարդավարի պատասխանել». «Ձեզ կարգին պահեք։ Որ լրագրողը մոտենում ա, հարց ա տալիս, մտածեք, հետո պատասխանեք, կամ չեք կարում, մի պատասխանեք»։

Ակտիվիստներին Մշակույթի նախարարությունից ոչ ոք չարձագանքեց։ Նրանք հայտարարեցին, որ ավարտում են այսօրվա երթը, Ալեքսանյանի պաշտպանները ցրվեցին միայն այն ժամանակ, երբ հեռացավ վերջին ակտիվիստը։


Աղբյուր՝ news.am