Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմեն Դանիելյանին և Արման Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք վարձույթի սրահից վերցնում են Lexus մակնիշի 35 LD 066 համարանիշի ավտոմեքենան և փորձում այդ ավտոմեքենայով գողություն կատարել, իսկ մինչ այդ ավտոմեքենայի վրայից հանում են համարանիշները: Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, նրանք փորձում են գողություն կատարել թույլատրելի հատվածում կայանված Mercedes G մակնիշի 89 SL 888 համարանիշի ավտոմեքենայից: Ավտոմեքենայի տերը նկատում է նրանց և մոտենում, իսկ վերջիններս Lexus-ով դիմում են փախուստի՝ ճանապարհին հարվածելով թույլատրելի հատվածում կայանված մի քանի ավտոմեքենաների: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանց հետապնդում են քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողանում են մասամբ կասեցնել հանցագործների փախուստը, իսկ մինչ այդ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները Կենտրոն վարչական տարածքում ծառայություն կատարելիս տեղեկություններ են ստանում դեպքի մասին և նույնպես սկսում են որոնել կասկածյալ գողերին: Քաղաքացիների և ՊՊԾ աշխատակիցների կողմից նրանց հետապնդում և հասնում են մինչև Խորենացի փողոց՝ «Ոսկու աշխարհ»-ի մոտ, որտեղ Mitsubishi-ի երիտասարդ վարորդը, նորից վտանգելով իր կյանքը, կարողանում է նրանց առջև իր մեքենայով արգելապատնեշ ստեղծել, իսկ հանցագործները կարողանում են Խորենացի փողոցից էլ ճողոպրել: ՊՊԾ գնդի աշխատակիցներն ու հետապնդող քաղաքացիները «Ոսկու աշխարհ»-ի շենքի հետնամասում հայտնաբերում են Lexus-ը, սակայն կասկածյալները չկային: Ոստիկանները կարճ ժամանակում նրանց հայտնաբերում են Lexus-ի հայտնաբերման վայրից մի քանի մետր այն կողմ՝ թթի ծառի վրա, ովքեր սկզբից հերքում էին, թե իրենք կապ չունեն Lexus-ի հետ, պարզապես առավոտ շուտ սիրտները թութ է ուզել և եկել են թութ ուտելու: Նրանց բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանցից մեկը նախկինում ավտոառևանգում կատարելու համար տարվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատավոր Մակյանը նրա նկատմամբ բարի կամք էր դրսևորել և դատարանից ազատ արձակել: Իսկ մյուսը Արաբկիր վարչական շրջանում ավտոմեքենաների վրայից գազաբալոններ գողանալու համար տարվել էր Արաբկիրի ոստիկանություն, նրան էլ Արաբկիրի քննչական բաժնի քննիչն էր ստորագրությամբ ազատ արձակել: Եթե նրանք նախկինում կատարած նմանատիպ հանցագործության համար պատասխանատվության ենթարկվեին, ապա այսօր նոր հանցագործության չէին դիմի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com