Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, և ՀՀ Պն մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը: Ժամանել է նաեւ Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզի ՓՎ պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բրիգադները: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի , վիրավորների և մահացածի ինքնությունը: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զինվորականներին, ոստիկաններին, փրկարարներին ու բժիշկներին մեծ օգնություն են ցուցաբերում քաղաքացիները: Վթարի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ ՏԿ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանությունն ու Սպիտակի բաժնի ծառայողները, որպեսզի խցանում տեղի չունենա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանություն. որտեղից պետք է ժամանեն նրանց աշխատակիցները: Ոստիկանությունը, Զինվորական ոստիկանությունը եւ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները, ովքեր նույնպես դեպքի վայրում են, պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնութունը: Վիրավորներին մեծ օգնություն են ցուցաբերել նաեւ շարքային քաղաքացիները: Մանրամասները` քիչ ուշ:

shamshyan.com