Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Սևանի ուղղությամբ իրար են բախվել ՎԱԶ 2112 մակնիշի 88 FD 898 համարանիշի և Mitsubishi IO մակնիշի 34 CT 630 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Հրազդանի հիվանդանոց են տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչներ, 46-ամյա Գնել Օհանյանը, 24-ամյա Գոռ Օհանյանը, 34-ամյա Ռուստամ Օհանյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 51-ամյա Արտուշ Դաշյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գագիկ Ցոգոլակյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածով անցնող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատող դատական կարգադրիչները: Օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի և հրշեջ ծառայության աշխատակիցները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ՎԱԶ 2112-ին, այնուհետև՝ ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Դաշյանը, ով, ըստ տեղեկությունների, Mitsubishi IO-ի վարորդն է, աշխատում է «Կիլիկիա» գարեջրի գործարանում, իսկ ՎԱԶ 2112-ը վարել է Գնել Օհանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

shamshyan.com