Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սամվել Մալաքյանի վարած Volkswagen մակնիշի 35 VO 958 համարանիշի և ЗИЛ բեռնատար մակնիշի 06 ՍՕ 532 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև տեղի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ЗИЛ-ի վարորդի ինքնությունը:

shamshyan.com