Երեւանի Պուշկին 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը «թոզփչոցի» է համարում այսօր`հունվարի 22-ին, քաղաքապետարանի տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում շենքերի ապամոնտաժման աշխատանքներ առաջիկայում չեն նախատեսվում:

«Դա ապակողմնորոշող տեղեկատվություն է, որն ընդամենը նշանակում է, որ դեռ չենք քանդում, հենց ստորագրեն, նոր կարող ենք քանդել: Արամի 30 հասցեում գտնվող շենքը քանդելու համար էլ ստորագրություն չկար, բայց եկան եւ գիշերով քանդեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Ավանյանը:

Ավանյանի խոսքով`քաղաքապետարանը ներկայացրել է տարածքի շինպլանը, որով նախատեսվում է Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում կառուցել նորակառույց շենքեր, ստորգետնյա ավտոկայանատեղի, այգիներ եւ այլ շինություններ, ինչը վկայում է այն մասին, որ հին շենքերը ապամոնտաժվելու են:

«Պլան ունեն քանդելու, պլանով արդեն հաստատված է` ինչ է կառուցվելու այստեղ, մեկ օրվա մեջ կարող են քանդելու թույլտվություն ստանալ: Եթե այս շենքների փոխարեն այլ շինություններ են կառուցելու, նշանակում է` քանդելու են, եկեք, մարդկանց աչքերին թոզ չփչենք»,-ասաց ռեստորանի սեփականատերը:

Ժիրայր Ավանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այս պահին սկսվել է հրշեջների շենքի ապամոնտաժման աշխատանքները, ինչը, ըստ նրա, եւս խոսում է այն մասին, որ քաղաքապետարանը ապակողմնորոշում է բոլորին:

Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, իբր շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաեւ «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը:

Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, եւ տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:

Բացի այդ, ըստ պաշտոնյաների, տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երեւանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում:

news.am