ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով նախագահի մոտ այսօր` սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած` խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել։

ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ մասնավորապես, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Ապահովել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաև բողոքարկման էլեկտրոնային համակարգ:

Համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի /ծանուցման, վճարման, գանձման/ առանձնահատկություններ:

Վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների և փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը:

Վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը, բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական և տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:

Ապահովել պետական մարմիններին հատկացված և չհաշվառված համարանիշների հաշվառումը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը և ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը և ներդնել ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման /գանձման/ դեպքերը բացառելու համակարգ:

ՀՀ ոստիկանությանը և Օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաև իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը և իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել ՀՀ քննչական մարմիններին:

ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձևակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը և ապահովել նման հնարավորության բացառումը:

ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման և դրանց հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՀՀ ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու և էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցը և ապահովել դրա իրականացումը:

news.am