Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական եւ կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, սակայն այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի եւ հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջեւ։ Այս մասին հոկտեմբերի 24-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ բանակցությունների ավարտին։ (ֆոտոռեպորտաժ)։

Նախագահն ու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը փոխըմբռնման մթնոլորտում քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերը։

«Մեր խորին երախտագիտությունը հայտնեցի դեռեւս 1988 թվականի ավերիչ երկրաշարժի դաժան օրերին եւ մինչ օրս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է եւ, իհարկե, աննկատ չի մնացել։

Քննարկեցինք նաեւ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության եւ նրա կազմակերպման, համատեղ պատմագրության ոլորտներում, որտեղ թե´ Մալթայի Ուխտը եւ թե´ Հայաստանը պատկառելի փորձ են կուտակել, եւ այստեղ, իհարկե, կարծում եմ, կարելի է շատ օգտակար աշխատանք կատարել: Այդ օգտակար աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ունենալ հավելյալ տեղեկություն խաչակիրների եւ Կիլիկիայի հայկական թագավորության միջեւ եղած համագործակցության մասին»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ կողմերը փաստել են, որ համագործակցության հետագա զարգացման համար 2 երկրներն ունենք ամենակարեւորը՝ նույնակունք արժեքային հենք, որ թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը։ «Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է եղել մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության ու արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության խրախուսման։ Կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունումից ի վեր հայերի պատմական ուղին անցել է Մալթայի Ուխտի՝ «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ։

Իհարկե, խոսեցինք նաեւ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ․ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի եւ ս․թ․ հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Նորին Վսեմությանը պատարագին ներկա գտնվելու եւ իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար։

Անշուշտ, խոսեցինք նաեւ Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստեցինք նաեւ, թե ինչպիսի հալածանքների եւ կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները եւ ոչ միայն քրիստոնյաները։ Ես հայտնեցի Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արեւելքում։

Ձե՛րդ Վսեմություն, կրկին բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեական երկիր, որտեղ մշտապես ուրախ ենք ընդունելու Հայաստանի պատվարժան հյուրերին»,– ամփոփել է ՀՀ նախագահը։

news.am