SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին Փարաքար գյուղում առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանության գործով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների հետ նշված սպանությունը բացահայտելու նպատակով ոստիկանության բաժին են հրավիրել 1500-ից ավելի քաղաքացիների, որոնց հետ զրույցներ անցկացնելուց հետո բոլորին ազատ են արձակել: Այսօր՝ փետրվարի 21-ին, Փարաքարում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տեղի բնակիչները դառնացած ասում էին. «Մինչև հիմա շոկի մեջ ենք, թե ոնց կարող էր ստահակը կամ ստահակները այդպիսի անմարդկային ու դաժան սպանություն կատարեին: Երբ իմացանք, որ կինը սպանվել է դանակի 53 հարվածից, ոչինչ չէր մնում ասելու, քան, որ այն կատարողը չի տարբերվում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս ծառայող Պերմյակովից: Գյուղում սպանվածն ու նրա ամուսինը մեծ հարգանք էին վայելում: Անգամ իրար մեջ զրույցում կնոջը անվանում էին «Մայր Թերեզա»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամուսինները տան հարևանությամբ ունենալով խանութ՝ մեծ մասամբ առաջին անհրաժեշտ սնունդը ժողովրդին տալիս էին «նիսիայով», իսկ շատ դեպքերում «նիսիայի» ցուցակը ճղում էին՝ պարտքատերերին ասելով, որ պարտք չունեն, կարևորը՝ իրար տեսնելուց ջան ասեն, ջան լսեն: Ու էսքանից հետո ո՞ր մի վիժվածքն է գնացել այդ քայլին, մնում է, բացահայտեն ոստիկաններն ու քննիչները, որոնք մինչև այս պահը հանցագործությունը բացահայտելու վերաբերյալ ոչ մի տեղեկություն չեն հայտնում»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու համար հավաստի տեղեկատվություն տրամադրողին խոստանում են դրամական խոշոր պարգև, ինչպես նաև տեղեկությունը տրամադրած անձի գաղտնիությունը 100 տոկոսով երաշխավորված է: Հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր ընտանիքում չունենք և չենք ունեցել թշնամիներ: Մեր միակ նպատակն է, որպեսզի բացահայտվի հանցագործությունը և հայտնաբերվի ճիվաղը, որ մենք էլ իմանանք, թե ով էր այդ ստահակը, որը թրքաբարո սպանեց 51–ամյա կնոջը»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 5-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապ օգնության բրիգադը կանչով մեկնել էր Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 13 տուն, որտեղ հայտնաբերել էր նույն տան բնակչուհի, 51-ամյա Անահիտ Լևոնի Զաքևոսյանի դին: Նշված վայր էր ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ, ով սպանության վայրում ղեկավարել էր քննչական աշխատանքները:

shamshyan.com