Նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:

Ըստ այդմ, հայ 5 զինծառայողներ մեքենայով գնալիս են եղել դիրքեր, երբ անտառի մեջ ադրբեջանական խումբը կրակ է բացել նրանց վրա: Փոխհրաձգություն է սկսվել, հրամանատարն ու իր վարորդը զոհվել են: Մի հոգի էլ թեթեւ վիրավորվել է ոտքից, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս երկուսը չեն տուժել:

Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը տվել է երեք զոհ եւ դիմել փախուստի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի Սարչապետի գյուղապետ Բորիս Բարոյանը, ով զոհված զինծառայողի ազգականն է, նշեց, որ զոհված Հայկ Բարոյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 4-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ Արտակ Սեդրակի Աղեկյանը Տաշիր քաղաքից է, ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա: Մեր տեղեկություններով՝ նա զինված ուժերում է 1996 թվականից, կոչումով փոխգնդապետ է: Մյուս զոհված զինծառայողը՝ ժամկետային Հայկ Բարոյանը զորակոչվել է 2013թ աշնանը, նա Լոռու մարզի Սառչապետ գյուղից է: Հայկ Բարոյանը ունի 3 տարեկան եղբայր, դպրոցն ավարտելուց հետ մեկնել է ծառայության: Մայրը չի աշխատում, հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, դեպքի մասին արդեն նրան տեղյակ են պահել եւ վերադարձել է:

news.am