«Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնում այսօր՝ փետրվարի 22-ին, մահացել է փետրվարի 19-ին Նորք Մարաշում վրաերթի ենթարկված 8-ամսական երկվորյակ եղբայրներից ողջ մնացածը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին:

Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր, մյուս երեք քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց։

Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ ավտոմեքենայի ուղեւորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է. Նա կասկածվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Վարորդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական-դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փորձաքննություններ:

news.am