Biology Letters-ում հրապարակված նոր ուսումնասիրությունները բացահայտել են, որ այն, ինչ համարվում է «գրավիչ» կարող է փոփոխվել՝ կախված կյանքի պայմաններից։ Արդյունքները ցույց են տվել, որ որքան դժվար եւ ծայրահեղ պայմաններում են ապրում տղամարդիկ, այնքան ավելի քիչ հավանական է, որ նրանք փնտրում են գեղեցիկ արտաքինով իգական սեռի ներկայացուցիչ։ Չնայած գիտնականները հստակ չգիտեն, թե ինչն է դրա պատճառը, բայց արդյունքները ցույց են տվել, որ այս միտումը կապված է հենց այս հանգամանքի հետ։

Ուսումնասիրության մեջ ներգրավված է եղել 1972 հետերոսեքսուալ տղամարդ 28 երկրից: Տղամարդկանց տվել են տարբեր կանանց լուսանկարներ, որտեղ նրանք քիչ թե շատ կանացի տեսք ունեին։ Ապա տղամարդկանց խնդրել են ընտրել, թե որ դեմքն է նրանց համար ավելի գրավիչ եւ արդյունքները համեմատել են ըստ յուրաքանչյուր ազգի ժողովրդագրական եւ սոցիալական բնութագրերի։

Արդյունքները ցույց են տվել, որ, ընդհանուր առմամբ, տղամարդիկ ավելի նախապատվություն են տալիս կանացի, քան առնական դեմք ունեցող կանանց։ Բայց թե որքան են նրանք նախընտրում այդ կանացի դեմքերը, կարծես թե կախված է նրանց ապրելու վայրից։ Ըստ Live Science-ի այն միջավայրում, որտեղ առողջապահության մակարդակը ավելի ցածր է (հաշվի առնելով կյանքի միջին տեւողությունը, մայրական եւ նորածնային մահացությունը եւ այլ գործոններ), տղամարդիկ ավելի հավանական է, որ նախընտրում են առնական հատկանիշներով դեմքեր։ Նեպալում տղամարդիկ քիչ հավանական է, որ «աղջկան» բնորոշ դեմքը կուրվագծեն խոշոր աչքերով, հաստ շուրթերով, եւ փափուկ ծնոտով։ Նիգերիացի եւ Կոլումբացի տղամարդիկ նույնպես հաճախ ընտրում են ավելի առնական դեմքով կանանց։

«Դա կարող է բացատրվել նրանով, որ դժվար պայմաններում ապրող տղամարդիկ նախապատվությունը տալիս են այն կանանց, ովքեր այնքան էլ կանացի չեն, քանի որ կանացի կանայք, ենթադրվում է, որ պետք է սոցիալապես ավելի քիչ գերիշխող լինեն», – ասում է ուսումնասիրության գիտաշխատող Ուրսուլա Մարցինկովսկան, բացատրում է Live Science-ը։

Live Science-ը դա բացատրում է նրանով, որ ծայրահեղ պայմաններում շատ ավելի կարեւոր է, որ պոտենցիալ զուգընկերուհին կարողանա ավելի երկար ապրել այդ պայմաններում։ Տղամարդկային հատկանիշները ասոցացվում են ավելի լավ եւ ավելի երկար գոյատեւման հմտություններ ունենալու հետ։ «Թվում է, թե առկա է որոշակի փոխզիջում եւ խիստ պայմաններում ապրող տղամարդիկ ավելի քիչ նախապատվություն են տալիս կանացիությանը», – Live Science-ին հայտնել է Միչիգանի համալսարանի էվոլյուցիոն տեսության հոգեբան Դան Կրուգերը։

Իսկ ի՞նչն է դեմքն ավելի գրավիչ դարձնում։ Համաձայն The Telegraph-ի կանացի հատկանիշներն առաջանում են էստրոգենի շնորհիվ։ Էստրոգենը հորմոն է, որը պատասխանատու է կանանց պտղաբերության համար։ Ավելի բարձր մակարդակի էստրոգեն ունեցող կանանց դեմքերն ավելի գրավիչ են։

Էստրոգենը խոչընդոտում է դեմքի ոսկորների աճին, փոքրացնում է քթի եւ կզակի չափը, խոշորացնում է աչքերն ու ավելացնում շուրթերի հաստությունը եւ ճարպ է կուտակում դեմքի այտերի, գոտկատեղի եւ հետույքի հատվածներում։ Այս բոլոր հատկանիշները տղամարդկանց համար ենթագիտակցական ազդանշաններ են այն մասին, որ կինը պտղաբեր է։ Կանայք, ըստ էության, դեմքով ցուցադրում են իրենց պտղաբերությունը։ Եթե այս ամենը դիտարկենք էվոլյուցիոն տեսանկյունից, ապա տղամարդու համար բավականին մեծ նշանակություն ունի նախապատվություն տալը պտղաբեր կանանց. նրանց, ովքեր ավելի շատ երեխաներ կունենան։

NEWS.am Medicine