«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին:
Բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հիշեցնենք, որ նախքան այս կատարվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից: Երեխայի մահվան մեջ հարազատները մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին, որն իրեն մեղավոր չի համարում:

Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները մահվան պաշտոնական վարկածին չեն հավատում, նրանք ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին: Այս գործն արդեն դատարանում է:

news.am