Պարզվում է, սակայն, այդքան էլ դյուրին չէ «կարգին տղա» գտնել մեր իրականությունում: Մի կողմից սեռական կարծրատիպերը, մյուս կողմից կնոջ ֆինանասական խնդիրները լուրջ արգելքներ կարող են լինել: Այնուհանդերձ, լավ լուրեր ունեմ հայտնելու, փողը և սեքսն ընտանեկան կայունության գործոններից միայն երկուսն են: Ամուսին ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ 5 գործոններին:

1. Ֆիզիկական գործոն

Խոսքը համակարանք և հակակրանք առաջացնելու մասին է: Գիտակցությանը անհասանելի պատճառներով մի տղամարդը համակրանք է առաջացնում, իսկ մյուսը` ոչ: Սա վերաբերում է արտաքին տեսքին, հատկապես դեմքի արտահայտությանը, ձայնի տեմբրին, վարվելակերպին ու շարժուձևին, խոսելաոճին, դիմախաղին, հագնվելու ոճին և անգամ մարմնի հոտին:

Ծանոթության հենց ամենասկզբից այս գործոնը է էական ազդեցություն ունենում հարաբերությունների ստեղծման և հետագա զարգացման ընթացքի վրա: Եթե ապագա ընտրյալի ֆիզիկական որակները դուր են գալիս, ապա վստահաբար դրանք կշարունակեն դուր գալ տարիներ անց:

2.Նյութական գործոն

Շատ կարևոր է հաշվի առնել ապագա ամուսնու ֆինանսական միջոցների տնօրինման տիպը, եթե դուք այն կանանցից եք, որ համարում եք թե ընտանեկան ծախսերի հիմնական մասը պիտի հոգա ամուսինը (դեռ ավելին, պիտի պարբերաբար թանկարժեք նվերներ մատուցի), իսկ դուք աշխատելու եք ձեր անձնական կարիքների և հաճույքի համար, ապա նախապես համաձայնության եկեք այս հարցում:

Կարևոր է , որ ամուսինը նույն կերպ մտածի, հակառակ դեպքում մեծ խնդիրներ կառաջանան: Իհարկե կան ամուսիններ, որ որևէ ֆինանսկան սպասում չունեն կնոջից, ավելին` դեմ են կնոջ աշխատելուն: Սակայն կան նաև այնպիսինները, ովքեր ընտանիքի ֆինանսական հոգսի մի մասը կապում են կնոջ աշխատավարձի հետ, և անգամ ծննդաբերությունից հետո կինը հարկադրված է լինում աշխատել ընտանեկան ծախսերի հոգսը կիսելու համար:

Այստեղ խոսքը ոչ թե գումարի մեծության, այլ սպասումների մասին է: Սպասումները կարող են արդարանալ անգամ շատ սուղ ֆինանսական պայմաններում և ընդհակառակը, երբեմն, ամենահարուստ ընտանիքներում այս սպասումների չարդարանալը ընտանեկան հարաբերություններում ճեղք է առաջացնում և տանում բաժանության:

3.Մշակութային գործոն

Ապագա ամուսինների կրթական և մշակութային արժեքների համապատասխանությունն է: Այս գործոնի դերը խիստ հեղհեղուկ է, և տարիների ընթացքում փոփոխման ենթակա: Այնուամենայնիվ, տեսականորեն պահպանողական հասարակության ներկայացուցիչը դժվար հաշտվի ազատամիտ շրջանակի ներկայացուցչի հետ:

4. Սեքսուալ գործոն

Խոսքը վերաբերում է, թե ինչքանով է համապատասխանում սեռական հարաբերության իրական սցենարը ձեր ունեցած սեքսուալ սպասումներին: Այս գործոնը սերտորեն կապված է ֆիզիկական գործոնի հետ: Ընտանեկան կյանքի ընթացքում սեռական կյանքը անցնում է բազում փորձությունների միջով` կնոջ հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրելու շրջան, հետծննդաբերական դեպրեսիա, երեխաների հոգս և այլն: Այստեղ կարևոր է հիշել, որ կնոջ և տղամարդու սեքսուալությունները տարբեր են, ընդ որում այդ տարբերությունները գնալով խորանում են տարիքի հետ:

Եթե 30 տարեկան տղամարդը ձգտում է կայուն և ստերեոտիպային սեռական հարաբերությունների, ապա նույն տարիքի կինը, որի մոտ նոր է սկսում արթնանալ սեքսուալությունը ,հետծննդաբերական շրջանի ավարտից հետո, պատրաստ է սեքսուալ փորձարկումներ կատարելու և ավելի մեծ պահանջներ ունի:

Սեռական գործոնը սերտ կապ ունի ընդհանուր առողջության հետ և ցանկացած հիվանդություն կարող է ազդել սեռականի վրա:

5. Հոոգեբաբական գործոն

Վճռորոշ դեր է խաղում ամուսինների հարաբերության մեջ: Այստեղ կարևոր է բնավորության գծերի համատեղելիությունը, ինչպես նաև սեռադերային վարքերի համապատասխանությունը, ինչքանով են ձեր սպասումները տղամարդու վարքից իբրև ամուսին, իբրև հայր արդարանում: Անշուշտ այս բոլոր գործոնները վերաբերում են նաև տղամարդկանց ապագա կին ընտրելու գործում և կարևոր է, որ լինի փոխադարձ համաձայնություն և փոխզիջողություն այս հարցում:

Հ.Գ. Պարզապես հիշիր, որ կնոջ ընտրությունից է մեծապես կախված ապագա ընտանիքի ներդաշնակությունը: Էլ չեմ ասում, որ մենք Cosmo կանայքս, ինքներս ենք ընտրում մեր տղամարդուն, և ոչ սպասում, որ մեզ ընտրեն:

cosmo.am