Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձում նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ Հրանտ Դինքը, ով փորձում էր իր զգացումներով եւ մտքերով լուսավորել Օսմանյան կայսրությունից Թուրքիայի հանրապետությանն անցած կարեւոր խնդիրներից մեկը։

Դինքի հարգարժան ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում են Դինքին, համբերություն ենք մաղթում։ Հրանտ Դինքը Անատոլիայի թանկարժեք մի մտավորական էր, ով ճանապարհներ էր փնտրում հայերի եւ թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար։

Այս համատեքստում, հայ-թուրքական բարեկամությանը հավատացող բոլորին հրավիրում ենք նոր սկզբի համար աջակցություն ցույց տալ եւ ուզում ենք դիմել բոլոր հայերին.

Թուրքիան նախկինում էլ հայտարարել էր, որ պատերազմի պայմաններում ստիպված է եղել կիրառել պարտադիր գաղթի քաղաքականություն, որի պատճառով ոչ մարդկային հետեւանքներ էին եղել։ Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում երկու ժողովուրդների միջեւ կրկին զգացմունքային կապեր ստեղծելու համար։ Մեր հարաբերությունները պատանդ վերցրած թշնամանքը հաղթահարելու համար եւ գլխավորապես երկխոսության միջոցով շարժվելու անհրաժեշտության մասին ամենավճռական արտահայտությունը 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձն է։ Ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ մեծ տրամվան հետեւում թողնելու ճանապարհով տաբուները քանդվեն։ Թուրքիան իր անունից այդ կետը հաղթահարել է։

Հնարավոր է, որ երկու տեղաբնիկ ժողովուրդներ հասնեն միմյանց հասկանալու եւ միասին ապագային նայելու հասունությանը։ Մի աշխարհագրական վայրում ապրող եւ երկար ժամանակ պատմությունը կիսող հայերը եւ թուրքերը բոլոր հարցերը միայն իրար մեջ կարող են խոսել, լուծման ճանապարհներն էլ միասին կարող են փնտրել։ Այս պատճառով անհրաժեշտ է, որ փոխադարձ վստահության եւ համագործակցության հասկացություն զարգացնենք, 800 տարվա համատեղ պատմության լույսի տակ միմյանց նորից ճանաչենք եւ մարդկային հարաբերությունների մեջ լինենք։ Դրա համար մեր հայ բարեկամներին հրավիրում ենք ավելի շատ այցելել Թուրքիա՝ փոխադարձ կարծրատիպերը վերացնելու համար։

Կիսել ցավերը, վիրակապել վերքերը եւ կրկին կարողանալ ստեղծել բարեկամություն։ Մեր անկեղծ ցանկությունը սա է»,-ասել է Դավութօղլուն։

news.am