Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի թաեքվոնդոիստ Հասան Հասանզադեն փրկել է նրա կյանքը: Աղբյուրի համաձայն՝ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարի ընդմիջմանը Աթանեսյանը որոշել է լողալ լողավազանում, սակայն ինչ-ինչ պատճառներով սկսել է խեղդվել: Նշվում է, որ նրան նկատել է ադրբեջանցի թաեքվոնդոիստը, որն օգնության է հասել Դավիթ Աթանեսյանին:

Դավիթ, ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

Լողավազանում սիրտս կանգ առավ: Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը եւ ադրբեջանցի այդ տղան ինձ դուրս են բերել լողավազանից, իսկ հետո բժիշկներն ինձ տարան հիվանդանոց: Ես, իհարկե, շնորհակալություն հայտնել եմ նրանց եւ այդքանով սահմանափակվել ենք: Մենք մարզիկներ ենք, եւ յուրաքանչյուրիս հետ էլ կարող է նման բան պատահել:

Ադրբեջանական կայքերը գրում են, որ դու ուշագնաց ես եղել ու քեզ խեղդվելուց են փրկել:

Ես չեմ խեղդվել, ուշագնաց չեմ եղել: Չեմ ցանկանում, որ այս թեմային այլեւս անդրադարձ լինի: Միջադեպ էր՝ անցավ, գնաց: Չեմ ցանկանում, որ այդ մասին զրույցներն ու հոդվածները շարունակվեն: Մարդիկ արել են մարդկային քայլ, որը յուրաքանաչյուրը կաներ: Բոլոր մարզիկներն էլ կարող են իրար օգտակար լինել ամեն տեղ: Բոլոր օգնություն ցուցաբերողներին շատ շնորհակալ եմ:

Հիմա ինչպե՞ս ես զգում:

Արդեն լավ եմ: Երկու օր առաջ ենք վերադարձել Հայաստան: Այնտեղ բուժզննում անցա, իսկ այստեղ դեռ չեմ հետազոտվել: Անպայման կգնամ բժշկի, ուղղակի այս պահին ինձ լավ եմ զգում եւ ցանկանում եմ հանգստանալ: Միայն կցանկանայի, որ այս թեմայով ինձ այլեւս ոչ ոք չանհանգստացներ: Ես հայտարարում եմ, որ չեմ ցանկանում այդ մասին խոսել եւ շարունակություն տալ այս թեմային:

sport.news.am