Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին արգելանքից ազատելու որոշումը կայացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությանը, թե դատարանի՝ ազատ արձակելու որոշումը կայացնելուց հետո քննիչը «կորել» է:

«Հորդորում եմ փաստաբանին ավելի կոռեկտ լինել: Կարծում եմ, որ նա լավատեղյակ է ընթացակարգին եւ գիտի, որ դատարանի միջանցքներում որոշում չի կայացնելու, ունի հստակ աշխատավայր: Քննիչն օրենքով սահմանված կարգով կատարում է դատարանի որոշումը: Կասկածյալին արգելանքից ազատելու որոշումը կայացվել է»,- ասաց Սոնա Տռուզյանը:

ՔԿ խորհրդականի խոսքով՝ բժիշկները քննիչին տեղեկացրել են, որ կասկածյալի իննազգացողությունը վատ է, առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցելու քննչական գործողության: Ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել է քննիչին ազատ արձակել նախօրեին ձերբակալված Շուշանիկ Բախշյանին: Ըստ բժշկուհու փաստաբանի՝ քննիչը դատարանի դահլիճից «փախել է»:

Բժշկուհին այս պահին գտնվում է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:

Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

news.am