Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 15-ամյա Տիգրան Աթոյանը, Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 44 QQ 445 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Տ. Աթոյանն ու նրա ուղեւորուհի՝ Երեւանի բնակիչ, 25-ամյա Քրիստինե Թամրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը նշանադրվածներ են:

shamshyan.com