Ջրաշեն գյուղից 3-ամյա երեխա է հունիսի 16-ին տեղափոխվել Արմավիրի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց եւ ժամեր անց մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը: Նա տարակուսանք հայտնեց, որ մահամերձ երեխաներին տեղափոխում են հիվանդանոց ու փրկվում են, իսկ իրենց մոտ աշխույժ երեխան մի քանի ժամում մահացավ:

«Երեկ առավոտյան տեղափոխվել է, մի քանից ժամ անց մահացել է: Երեխեն աշխույժ, իր ոտքով բարձրացել է հիվանդանոց, ուղղակի թուլություն է ունեցել, սիստեմա են միացրել, դրա ընթացքում մահացավ: Շուրթերը կապտեց, տեսան՝ մահացել է: Բժիշկը հրաժարվել է ծնողների, անգամ ինձ հետ հանդիպելուց»,-ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ծնողները մոտ 30 տարեկան են, աղջիկն էլ տան միակ զավակն էր:

Նա նշեց, որ երեխան այդ օրը հավի բուդ էր կերել ու պաղպաղակ, ընդամենը թուլություն է եղել մոտը, իսկ թե ինչի հետեւանքով է մահացել, չգիտեն: Հարազատներին որեւէ բան չեն հայտնել մահվան պատճառների մասին, ասել են՝ քրեական գործ է հարուցված, փորձաքննություն են նշանակել, ամեն ինչ կպարզեն:

Նշենք, որ այս դեպքի հետ կապված հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը, որտեղ ասվում է.

«Հունիսի 16-ի ցերեկն Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։

Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ: Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաեւ ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:

news.am