Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի ճիվաղների կողմից դիվերսիոն գործողություններ կատարելու հետևանքով ԼՂՀ-ում ուժեղացված հսկողության տակ վերցվեցին գրեթե բոոր կարևորագույն և ստրատեգիական նշանակություն ունեցող հիմնարկ-ձեռնարկությունները: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 2-ից Արցախի ոստիկանության և Հայաստանի ոստիկանության աշխատակիցները ՀՀ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողների հետ իրենց հսկողության տակ են պահում Արցախի համար թիվ 1 ստրատեգիական օբյեկտ համարվող Սարսանգի ջրամբարը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում իրավիճակի մասին զեկուցվում է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Արցախի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մտադրություն է ունեցել նաև, որպեսզի դիվերսիոն գործողություններ կատարելով գրոհ ձեռնարկի նաև ջրամբարի վրա, սակայն, շնորհիվ Արցախի և Հայաստանի ոստիկանների, ադրբեջանական կողմը չի կարողացել իր նպատակին հասնել: Ջրամբարի տարածքում ժամանակակից սպառազինությամբ մեր տղաները հսկում են ողջ հատվածը: Տեղում աշխատանքները ղեկավարում են ՀՀ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը, տեղակալ, փոխգնդապետ Արմեն Լոքյանը և Արցախի ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի պետ, գումարտակի թիվ 2 վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Հովհաննես Սարգսյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տղերքն ասում էին. «Առաջին հերթին խոնարհվում ենք այս օրերին մեր սահմանները անառիկ պահած այն հերոս քաջորդիների ծնողների առաջ, ովքեր հանուն Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության՝ զոհվեցին մարտի դաշտում՝ ընկնելով հերոսաբար: Մեր շնորհակալական խոսքն ենք ուղղում նաև Արցախի հերոսական ժողովրդին, կամավորականներին, ողջ հայ ժողովրդին, ովքեր օրհասական այս պահին մեկ բռունցք դարձած՝ իրար թև ու թիկունք եղան, ինչի շնորհիվ էլ ազերի թափթփուկները չկարողացան հասնել իրենց նպատակներին: Մեր ծնողներն ու հարազատներն էլ կհասկանան մեզ, որ մենք այստեղ ենք, որպեսզի անառիկ պահենք ոչ միայն Սարսանգի ջրամբարը, այլ նաև Արցախ աշխարհը»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դրմբոնի, Զագլիկի, Ականաբերդի գյուղի բնակիչներն ասում էին. «Մեր սահմանները պահող առյուծ տղերքն Արցախի ու Հայաստանի մեր գործընկերների հետ խրոխտ, դուխով կանգնած են Սարսանգի ջրամբարի պաշտպանության համար ու էն տեսակ են պահում, որ թուրքը ռիսկ չի անի իր սև գործն անի էս հատվածում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Սարսանգի ջրամբարի անվտանգության պահպանմանը մասնակցում են նաև Հայաստանի ոստիկանության կինոլոգիական ծառայությունը՝ հատուկ հետախուզական շներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը Արցախ է ուղարկել նաև 12 բեռնատար (ֆուռ) ավտոմեքենա՝ բարձված մեծ քանակի հագուստով, սնունդով, դեղորայքով, պահածոներով, սահմանի առաջին գծում իրենց ծառայությունը կատարող զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաներով:

shamshyan.com