Անչափահասի հետ ամուսնանալու մեջ մեղադրվող Երեւանի բնակիչ 30-ամյա Սմբատ Մնացականյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 4 տարվա ազատազրկման, որը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից:

Գործը քննվել է արագացված դատական կարգով, որի ընթացքում որոշում է կայացվել 2 տարի ժամկետով փորձաշրջան սահմանել, իսկ խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նշենք, որ Սմբատ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Քասախ գյուղում ծանոթացել է անչափահաս 16-ամյա Ա. Խ.–ի հետ և սկսել ամուսնության նպատակով ընկերություն անել նրա հետ: 2015թ. օգոստոս ամսվա վերջին հորաքրոջ` Հ. Վ. հետ գնացել է Ա. Խ.-ի տուն, վերջինիս մորից Թ. Մ.-ից խնդրել թույլտվություն Ա. Խ. հետ ամուսնանալու համար, ինչից հետո փոխադարձ համաձայնությամբ Ա. Խ.-ի հետ եկել և շուրջ 15-20 օր որպես ամուսիններ միասին բնակվել են իր կողմից վարձակալած Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասում, որտեղ համատեղ բնակվելու ընթացքում` Սմբատ Մնացականյանը լինելով 21 տարին լրացած անձ, մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Ա. Խ.-ի հետ:

news.am