Ադրբեջանը փակել է իր տեղեկատվական դաշտը բոլոր այն միջադեպերի համար, որոնք կապված են իր երկրի հետ, և որոշել է ողջ տեղեկատվությունը «դոզավորված» տալ, քանի որ սովորաբար Ադրբեջանն ավելի մեծ կորուստներ է կրում` հայկական կողմի հետ բախման ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` անդրադառնալով Ադրբեջանի լրատվամիջոցներում սահմանի լարվածության, զոհերի դեպքերի լուսաբանման թեմային: «Այսպես թե այնպես, այդ պրակտիկան ի վերջո հարվածելու է Ադրբեջանին, որովհետև ինչ-որ քանակության զոհերի դեպքում անհնար կլինի թաքցնել, և այս ամեն ինչը ջրի երես դուրս կգա: Շատ հաճախ Ադրբեջանը փորձում է իր մարտական կորուստները ներկայացնել կենցաղային կորուստների տեսքով»,-ասաց նա:

-Խնդրում եմ զուգահեռներ անցկացնել հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից սահմանային լարվածության, զոհերի թվի, միջադեպերիլուսաբանման միջև։

-Ադրբեջանը փակել է իր տեղեկատվական դաշտը բոլոր այն միջադեպերի համար, որոնք կապված են իր երկրի հետ: Սովորաբար Ադրբեջանն ավելի մեծ կորուստներ է կրում` հայկական կողմի հետ բախման ժամանակ, և դա բավականին ծանր է նստում ազգաբնակչության վրա, քանի որ այն խոսքերը, թե Ադրբեջանի փառապանծ բանակը մեկ օրում Արցախը կազատագրի հայերից, այդ ամեն ինչը դառնում է լեգենդ և սուտ: Հետևաբար, իրենք որոշել են այդ դաշտն ընդհանրապես փակել, և ողջ տեղեկատվությունը «դոզավորված» տալ` միայն Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կողմից հաստատվելուց հետո: Ինչ վերաբերում է մեզ, ապա հայկական կողմը չի թաքցնում իր զոհերը, որովհետև թաքցնելը միշտ սխալ բաների է բերում: Այսպես թե այնպես, այդ ամեն ինչը իմացվում և տարածվում է, և ժողովրդի մեջ պետական խոսքի նկատմամբ հավատը կորում է: Դրա համար այստեղ հոգեբանական մի քիչ ծանր վիճակ է, որը պետք է հասկանալ. փաստորեն հայկական կողմն ասում է, որ զոհեր ունի, իսկ ադրբեջանական կողմը ձայն չի հանում իր զոհերի մասին, և առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր դիվերսիաների և բախումների հետևանքով միայն հայերն են զոհվում, իսկ ադրբեջանցիները կարծեք հաղթած են դուրս գալիս այդ վիճակից, ինչը սխալ պատկերացում է: Պարզապես պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը ձայն չի հանում:

fact.am