Տարատեսակ հնարքներ՝ «Ինչպես խենթացնել սիրելիիդ» շարքից, կարելի է գտնել ամենուրեք: Այդ բոլոր հոդվածները միավորում է մեկ չգրված օրենք. «Աղջիկնե՛ր, որքան ավելի շատ ջանք թափեք, այնքան նա ձեզ ավելի շատ կսիրի»: Այնինչ տղամարդիկ իրականում պարզ արարածներ են: Դու աղջիկ ես, և դա արդեն բավական է տղայի մոտ հետաքրքրություն առաջացնելու համար: Իսկ այդ բոլոր խորհուրդներն ու հմտությունները մեզ համար հաճախ խորթ են ու անհասկանալի:

Միացիր նրան առավոտյան՝ աշխատանքից առաջ ցնցուղ ընդունելու ժամանակ։

Նրա տարակուսանքը: Փաստորեն, ես պիտի զրկվեմ նույնիսկ այն մի քանի րոպեից, երբ աշխատանքից առաջ մենակ մնալու ու մտքերս հավաքելու հնարավորություն ունեմ:

Ինչու դա նրա համար գրավիչ ու սեքսուալ չէ: Ցնցուղի տակ սեքսով զբաղվելն ինքնին վիճելի հաճույք է, իսկ առավոտյան աշխատանքից առաջ դա անելն ավելի է բարդացնում իրավիճակը: Թերևս դա օրվա մեջ միակ ժամն է, երբ տղամարդն ամենից քիչ է մտածում սեքսի մասին: Ինչպես նշեց իմ ընկերներից մեկը՝ 26-ամյա մի երիտասարդ, «աշխատանքին պատրաստվելու րոպեները ցնցուղի տակ սեքսով «համեմելուց» ավելի տարօրինակ բան չկա»: Իրականում ցնցուղի տակ սեքսն այնքան էլ գրավիչ չէ, որքան կարող է թվալ: Նախ՝ ջրի տակ կանգնելը ոչ բոլորին է դուր գալիս: Բացի այդ, օրալ փաղաքշանքների ժամանակ աղջկա դեմքին թափվող ջրի տաք շիթը չի կարող ուրախություն պարգևել: Այդ պայմաններում անգամ օրգազմն է մի տեսակ տարօրինակ ու անբնական դառնում:

Միշտ ցույց տուր, որ պատրաստ ես սեքսի, այնուհետև սկսիր «կոտրատվել» և ստիպիր նրան ջանք գործադրել՝ քեզ գայթակղելու համար:

Նրա տարակուսանքը: Տղամարդն աշխատանքից հոգնած տուն է վերադառնում, և…ստիպված լինում նորից աշխատել:

Ինչու դա նրա համար գրավիչ ու սեքսուալ չէ: Այս «մուկնուկատու» խաղը հետաքրքիր է սկզբնական փուլում: Երբ հարաբերությունները նոր են սկսվում, ոգևորությունն ու հուզմունքը մեծ են, և պատրաստ ես փորձել ամեն ինչ: Մի անգամ ես մեկ ամիս ստիպված եղա սնվել վեգետարիանական ռեստորաններում, քանի որ իմ համակրած աղջիկը բուսակեր էր: Ի՛նչ խոսք, որոշ ժամանակ անց ես կրկին վերադարձա իմ սիրելի չիզբուրգերին, սակայն այդ պահին պատրաստ էի ամեն ինչի՝ նրան գոհացնելու համար:

Երկարաժամկետ հարաբերությունների լավագույն կողմերից մեկը սիրած մարդու հետ ցանկացած ժամանակ սեքս ունենալու հնարավորությունն է: Երբ արդեն որոշակի ժամանակ հանդիպում ես աղջկա հետ, նման խաղերը պատիժ են հիշեցնում. չէ՞ որ մենք սկզբում ջանք չենք խնայում աղջիկներին գերելու համար, ուստի իրավունք ունենք լիցքաթափվելու և վայելելու մեր հաղթանակը:

Սիրով զբաղվեք հայելու առջև, որպեսզի միմյանց մարմիններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու հնարավորություն ունենաք։

Նրա տարակուսանքը: Հենց դրանից էլ մենք վախենում ենք, քանի որ մեր արտաքինը, որպես կանոն, հեռու է իդեալական լինելուց:

Ինչու դա նրա համար գրավիչ ու սեքսուալ չէ: Գուցե կատարյալ կազմվածքով որևէ երիտասարդ ինձ պես ծանր չտանի հայելու առջև սեքսով զբաղվելու հեռանկարը: Սակայն ես ունեմ բավական բարեկազմ արտաքինով ընկեր, որին նույնպես այս հեռանկարը չի գերում. «Հայելու մոտ սեքսով զբաղվելը մի տեսակ անբնական է ու անդադար շեղում է ուշադրությունդ: Երբ հայելու մեջ տեսնում ես բոլոր շարժումներդ, կլինեն դիրքեր, որոնք քեզ հաստատ դուր չեն գա: Եթե իհարկե երկուսդ էլ նման սեքսի սիրահար չեք, մոռացեք այդպիսի էքսպերիմենտների մասին: Շատ դժվար է տրվել կրքին ու կենտրոնանալ հաճույք ստանալու վրա, երբ ստիպված ես ամենայն մանրամասնությամբ հետևել սեփական շարժումներիդ:

Հագիր շատ կոճակներով բլուզ և դանդաղ քանդիր կոճակները՝ ստիպելով նրան հետևել այդ տեսարանին:

Նրա տարակուսանքը: Իսկ աղջկան դո՞ւր կգա, եթե ես այդ ընթացքում որևէ սպորտային հաղորդաշար դիտեմ:

Ինչու դա նրա համար գրավիչ ու սեքսուալ չէ: Սա ավելի շատ անհեթեթ է, քան սեքսուալ: Իհարկե տղաների մեծ մասին գրավում է մերկապարը, սակայն, եթե նկատել եք, մերկապարի ժամանակ պարուհիներն այդպիսի բլուզներ չեն կրում: Ճիշտն ասած, դժվար է պատկերացնել ավելի հակասեքսուալ բան, քան այդքան կոճակներ ունեցող բլուզը: Տղաները սիրում են դիտել, թե ինչպես է աղջիկը հանում հագուստը, սակայն լավ կլինի, որ դա չձգվի ամբողջ հավերժություն:

Գնիր թանկարժեք, շքեղ ներքնազգեստ՝ նրան հիացնելու համար։

Նրա տարակուսանքը: Տղամարդը նկատում է կնոջ ներքնազգեստը միայն մի դեպքում՝ երբ այն հանելու հետ կապված խնդիրներ են առաջանում:

Ինչու դա նրա համար գրավիչ ու սեքսուալ չէ: Սեքսուալ ներքնազգեստը սեքսի հետ որևէ կապ չունի: Եթե դու քեզ գրավիչ ու սեքսուալ ես զգում այն կրելիս, դա ուրիշ հարց է: Սակայն եթե կրում ես բացառապես տղային գրգռելու համար, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ արդյունավետ տարբերակ չէ, ինչպես կարծում ես: Ներքնազգեստի հետ կապված միակ հետաքրքրությունն այն է, թե ինչ է թաքնված դրա տակ: Ես տարբեր տղաների հետ եմ զրուցել ներքնազգեստի վերաբերյալ: Գրեթե բոլորը համակարծիք են. եթե քո սիրած ներքնազգեստը տատիկի կիսավարտիքը չէ, բացարձակապես տարբերություն չկա՝ ինչպիսին է այն՝ մետաքսե, քաթանե, թե ժանեկավոր:

Մետաքսե շարֆ դիր նրա պայուսակի մեջ հետևյալ երկտողով. «Սա քեզ պետք կգա երեկոյան»։

Նրա տարակուսանքը: Ինչի՞ համար: Մի՞թե երեկոյան ցուրտ է լինելու:

Ինչու դա նրա համար գրավիչ ու սեքսուալ չէ: Մետաքսյա շարֆը սեքսի հետ կապ չունի. անիմաստ են նաև մի շարք այլ, սեքսուալ համարվող առարկաները, ինչպես օրինակ՝ ձեռնաշղթաներն ու գեյշայի կամ այլ հագուստները (եթե իհարկե խոսքը տղայի կոնկրետ նախասիրությունների մասին չէ): Կարևորը խաղալիքները չեն, կարևորը՝ դու ես և քեզ հետ մենակ մնալու հեռանկարը. տղամարդու համար դա է գլխավորը, և հենց այդ հանգամանքն էլ նրան ոգևորում է: Մեզնից շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է հարկավոր օգտագործել մետաքսե շարֆն անկողնում, իսկ նման պատասխանատու պահին անհարմար դրության մեջ հայտնվելն ամենևին այն չէ, ինչի մասին երազում ենք:

Միմյանց համար կարդացեք կրքոտ հատվածներ էրոտիկ գրքերից։

Նրա տարակուսանքը: Տեղյա՞կ ես, որ գոյություն ունեն բազմաթիվ պոռնո ալիքներ:

Ինչու դա նրա համար գրավիչ ու սեքսուալ չէ: Ժամանակակից տղամարդն իր կյանքի մեծ մասն անց է կացնում սեքսուալ առումով գերհագեցած իրականության մեջ: Սկսած պոռնոալիքներից ու ամսագրերից, վերջացրած գրգռիչ ներքնազգեստի գովազդով (որոնց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի) մենք մշտապես բախվում ենք սեքսի հետ: Արդյունքում՝ մեր զգայական ընկալումը բթանում է: Մենք չենք ուզում քնից առաջ կարդալ սեքսուալ պատմություններ, մենք ուզում ենք ինքներս լինել այդ պատմությունների հեղինակը: Իսկ ահա «կեղտոտ» բառերը սեքսի պահին միայն թեժացնում են կրակը:

PS Տղաներին գրգռելու համար հարկավոր չեն հատուկ կոստյումներ կամ հնարքներ: Մենք պարզ արարածներ ենք՝ պարզ ցանկություններով: Մենք ուզում ենք ձեր քայլերի շնորհիվ համոզվել, որ դուք մեր կարիքն ունեք և հոգ եք տանում մեր մասին, մենք սիրում ենք ներդաշնակ ու ինքնաբավ աղջիկների: Երբ ես հանդիպեցի կնոջս, ինձ անմիջապես գրավեց այն հանգամանքը, որ նա ապրում է հետաքրքիր կյանքով, ունի մեծ շրջապատ ու ընկերներ: Ընկերներիցս մեկը խոստովանում է, որ իր համար ամենասեքսուալն այն պահն է, երբ իր սիրած աղջիկն առավոտյան արթնացնում է իրեն մերսման միջոցով: Իսկ մյուս ընկերոջս զինաթափում է այն, որ ընկերուհու սառնարանում միշտ գտնում է իր սիրած ուտեստը: Ահա, թե ինչն է մեզ իրականում գրավում:

cosmo.am