Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Զ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրված ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 23-ի սահմաններում Նարեկը հանդիպել է իր անչափահաս՝ 15 տարեկան ընկերուհու հետ, աղջկան նստեցրել է իր մեքենան, ու գնացել են Հասրաթյան փողոց:

Նարեկը մեքենան կանգնեցրել է թիվ 103 դպրոցի մոտ: Նա տեղափոխվել է մեքենայի հետևի նստատեղ, նստել է աղջկա կողքին: Համբուրվել են:

Մեղադրական եզրակացության ձևակերպմամբ՝ Նարեկը հանել է իր և աղջկա հագուստները, աղջկան պառկեցրել է հետևի նստատեղին ու սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա հետ:

Դատարանում Նարեկն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Նարեկի խնամքին է մայրը:

Տուժողը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել՝ նկատի ունենալով, որ իրենք արդեն օրինական ամուսիններ են:

Նարեկ Զ.-ն մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պայմանական դատապարտություն է կիրառվել նրա նկատմամբ, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

1in.am